«Բանանցի» նախկին ֆուտբոլիստները միացել են թիմի մարզչական շտաբին

Վերջնականապես ձևավորվել է «Բանանցի» մարզչական շտաբը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:

«Բանանցի» գլխավոր թիմի մարզչական շտաբին են միացել Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: Երկու մարզիչն էլ վերջին շրջանում աշխատում էին «Բանանցի» համակարգում՝ մարզելով մանկապատանեկան թիմեր,- հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հակոբյանն ու Նիգոյանը իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես են եկել երևանցիների կազմում: Արան «Բանանցի» գույները պաշտպանել է 1992-1994 թվականներին՝ Հայաստանի առաջնության 77 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: Արամը դադարներով «Բանանցում» հանդես է եկել 2003-2008 թվականների ընթացքում՝ առաջնության 94 խաղում դառնալով 62 գոլի հեղինակ, ինչն արդյունավետության լավագույն ցուցանիշն է «արծիվների» պատմության ընթացքում:

Այսպիսով, «Բանանցի» մարզչական շտաբում են գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, մարզիչներ Մանուկ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում