«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց հետնապահին, Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց մրցաշարային աղյուսակի հետնապահ «Սանդերլենդին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։

«Ստեդիում օֆ Լայթում» կայացած հանդիպման առաջին կեսը չանցավ մեծ տեմպով, սակայն «կարմիր սատանաներին» հաջողվեց նախքան ընդմիջում զգալի առավելություն ստանալ։ 30-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը, ստանալով Անդեր Էրրերայի փոխանցումը, դուրս եկավ երկու պաշտպանի հսկողությունից և գրավեց Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը։ Խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը մնացին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Սեբաստյան Լարսոնը։

Երկրորդ կեսի մեկնարկում տպավորիչ խաղով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը․ 46-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ավագը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հանդիպման վերջնական հաշիվը 89-րդ րոպեին ձևակերպեց Մարկուս Ռաշֆորդը։

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն 78-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Անտոնի Մարսիալին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 57 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը (30 խաղ), իսկ «Սանդերլենդը» մնաց 20 միավորով՝ վերջին տեղում (31 խաղ)։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Սանդերլենդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։3
Գոլերը՝ Իբրահիմովիչ 30՛, Մխիթարյան 46՛, Ռաշֆորդ 89՛
Հեռացում՝ Լարսոն 43՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում