Հին ծանոթների նոր հանդիպումը

Հին ծանոթների նոր հանդիպումը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի ուշագրավ խաղերից մեկը կայանալու է հին ծանոթների՝ «Բավարիայի» և «Ռեալի» միջև։ Դիմակայության առաջին խաղը 23-րդը կլինի «Բավարիայի» ու «Ռեալի» միջև: Նրանք առաջինն են, որ ՈւԵՖԱ-ի մրցաշարերում այդքան հաճախ են հանդիպել:

Նախորդ հանդիպումները

Վերջին 6 մրցաշրջանների ընթացքում վիճակահանությունը երրորդ անգամ այս երկու թիմերի ճանապարհը խաչեց: Նրանցից յուրաքանչյուրը մեկական անգամ հաղթող է դուրս եկել: «Ռեալն» ու «Բավարիան» ընդհանուր առմամբ 10 անգամ հանդիպել են եվրագավաթների եզրափակիչ փուլերում (տասն էլ Չեմպիոնների գավաթում/Չեմպիոնների լիգայում) և հնգական անգամ հաղթել:

  • Վերջին անգամ թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայի 2013-14թթ. խաղարկության կիսաեզրափակչում: «Ռեալը» «Բավարիայի» այսօրվա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ղեկավարությամբ ընդհանուր 5:0 հաշվով ջախջախեց մյունխենցիներին: Մադրիդում միակ գնդակը 19-րդ րոպեին խփեց Կարիմ Բենզեման: Մյունխենում դուբլի հեղինակ դարձան Սերխիո Ռամոսը (16՛, 20՛) և Կրիշտիանու Ռոնալդուն (34՛, 90՛): Պեպ Գվարդիոլայի «Բավարիայի» համար դա ամենախոշոր հաշվով պարտությունն էր եվրագավաթի շրջանակում սեփական դաշտում անցկացրած հանդիպումների մեջ: «Ռեալն» այդ մրցաշրջանում 10-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Մյունխեն Արենայում» 2014 թվականի ապրիլի 29-ին թիմերը հետևյալ կազմերով խաղացին.

«Բավարիա». Նոյեր, Լամ, Բոատենգ, Դանթե, Ալաբա, Կրոս, Շվայնշտայգեր, Ռոբեն, Մյուլլեր (Պիսարո 72՛), Ռիբերի (Գյոտցե 72՛), Մանջուկիչ (Խավի Մարտինես 46՛):

«Ռեալ». Կասիլյաս, Կարվախալ, Ռամոս (Վարան 75՛), Պեպե, Կոենտրաու, Ալոնսո, Մոդրիչ, Դի Մարիա (Կազեմիրո 84՛), Բեյլ, Ռոնալդու, Բենզեմա (Իսկո 80՛):

  • «Բավարիան» հաջողության է հասել 2011-12թթ. խաղարկության կիսաեզրափակչում: Մրցակիցները սեփական հարկի տակ 2:1 խաղացին: Առաջին խաղում Մյունխենում հաշիվը Ֆրանկ Ռիբերին բացեց (17՛), ապա Մեսութ Օզիլը խփեց պատասխան գոլը (53՛), իսկ 90-րդ րոպեին տանտերերին հաղթանակ բերեց Մարիո Գոմեսի գոլը:

2012-ի ապրիլի 17-ին թիմերը Մյունխենում հետևյալ կազմերով խաղացին.

«Բավարիա». Նոյեր, Լամ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա, Լուիս Գուստավո, Կրոս, Շվայնշտայգեր (Մյուլլեր 61՛), Ռոբեն, Ռիբերի, Գոմես:

«Ռեալ». Կասիլյաս, Արբելոա, Ռամոս, Պեպե, Կոենտրաու, Խեդիրա, Ալոնսո, Դի Մարիա (Գրաներո 79՛), Օզիլ (Մարսելո 69՛), Բենզեմա (Իգուային 84՛), Ռոնալդու:

  • Իսպանիայում Ժոզե Մոուրինյուի սաները առաջին 14 րոպեի ընթացքում 2 անգամ աչքի ընկան (երկու գնդակն էլ Ռոնալդուն խփեց), բայց Արյեն Ռոբենը (27՛) 11-մետրանոցով հավասարեցրեց հաշիվը: 11-մետրանոց հարվածաշարում գերմանացիներն էին առաջատար՝ 3:1: «Բավարիայի» կազմում հարվածներն իրացրին Ալաբան, Գոմեսը, Շվայնշտայգերը, իսկ տանտերերի կազմում աչքի ընկավ Խաբի Ալոնսոն: «Ռեալի» կազմում ձախողեցին Ռոնալդուն, Կական, Սերխիո Ռամոսը, իսկ հյուրերից՝ Թոնի Կրոսը և Ֆիլիպ Լամը:

  • 2006-07թթ. խաղարկության 1/8 եզրափակչում արտագնա խաղում խփած գնդակի կանոնի համաձայն «Բավարիան» հաղթեց «Ռեալին»: Մադրիդցիները Ռաուլ Գոնսալեսի դուբլի շնորհիվ Իսպանիայում հաղթեցին 3:2 հաշվով, բայց արտագնա խաղում պարտվեցին՝ 1:2: Մյունխենում «Բավարիայի» հարձակվող Ռոյ Մակայը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ գոլի հեղինակը:

  • «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 2003-04թթ. խաղարկության 1/4 եզրափակչի Մադրիդի պատասխան խաղի վճռորոշ գոլի հեղինակն էր (1:0): Մյունխենում խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:
  • Թիմերը 2000-2002 թվականներին 3 անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայում, և ամեն անգամ հակամարտության հաղթողը դարձել է առաջնության գավաթակիր: «Ռեալը» հաջողության հասավ 1999-2000թթ. կիսաեզրափակչում (2:0՝ սեփական դաշտում և 1:2՝ արտագնա խաղում) և 20001-02թթ. մրցաշրջանի 1/4 եզրափակչում (1:2՝ արտագնա խաղում և 2:1՝ սեփական դաշտում): Զիդանը խաղացել է վերջին մրցավեճի երկու հանդիպումներում: 2000-01թթ. խաղարկության կիսաեզրափակչում հաղթանակը «Բավարիայինն» էր (1:0՝ արտագնա խաղում և 2:1՝ սեփական դաշտում):
  • Մյունխենցիները «Ռեալից» ուժեղ էին նաև 1999-00թթ. խմբային երկրորդ փուլում, երբ Մադրիդում հաղթեցին 4:2, իսկ Մյունխենում՝ 4:1 հաշվով:
  • «Բավարիան» հաղթել է նաև առաջին երկու մրցավեճերում: 1975-76թթ. խաղարկության կիսաեզրափակչում (1:1՝ արտագնա խաղում և 2:0՝ սեփական դաշտում), երբ մյունխենցիներն արդյունքում երրորդ անգամ անընդմեջ գավաթակիր դարձան: Մադրիդցիները հաջողության հասան 1987-88թթ. Չեմպիոնների գավաթի 1/4 եզրափակչում (2:3՝ արտագնա խաղում և 2:0՝ սեփական դաշտում):
  • Եթե բոլոր՝ 22 հանդիպումները դիտարկելու լինենք, ապա առավելություն ունի «Բավարիան»: Նրանք 11 անգամ հաղթել են, մինչդեռ մադրիդցիները դա 9 անգամ են արել (2 հանդիպում ոչ-ոքի է ավարտվել): Մյունխենցիները մադրիդցիների 31 գոլին 33-ով են պատասխանել:
  • Մրցակիցները հատկապես ուժեղ են սեփական դաշտում: Մինչև 2014թ. «Բավարիան» Մյունխենում «Ռեալին» չէր պարտվել: Այսօր սեփական դաշտում նրանց վիճակագրությունն այսպիսին է՝ Հ9 Ո1 Պ1: Մադրիդում «Ռեալի» ցուցանիշն է՝ Հ8 Ո1 Պ2։

Ուշագրավ փաստեր

«Բավարիա»

  • «Բավարիայի» համար սա Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի 28-րդ 1/4 եզրափակիչն է և 6-րդն անընդմեջ: Վերջին 5 դեպքերում նրանք դուրս են եկել 1/2 եզրափակիչ: Այս փուլում «Բավարիայի» վիճակագրությունն է՝ Հ18 Պ9:
  • Եթե միայն Չեմպիոնների լիգան (նոր փուլը) դիտարկենք՝ «Բավարիան» 16-րդ անգամ է խաղում 1/4 եզրափակչում, ինչը ռեկորդ է: 15 անգամ նույնն արել են «Ռեալն» ու «Բարսելոնան»:
  • Անցյալ տարի «Բավարիան» այս փուլում հաղթեց «Բենֆիկային» (1:0՝ սեփական դաշտում, 2:2՝ արտագնա խաղում): Վերջին պարտությունը 1/4 եզրափակչում մյունխենցիները կրել են «Բարսելոնայից» 2008-09թթ. խաղարկությունում (0:4՝ արտագնա խաղում, 1:1՝ սեփական դաշտում):
  • 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալին» 5:1 հաշվով հաղթելու արդյունքում «Բավարիան» սեփական դաշտում տոնեց Չեմպիոնների լիգայում 16-րդ անընդմեջ հաղթանակը:

  • Իսպանական ակումբների հետ երկխաղյա հակամարտություններում «Բավարիայի» վիճակագրությունը՝ Հ9 Պ9: Անցյալ մրցաշրջանի կիսաեզրափակչում նրանց «Ատլետիկոն» կանգնեցրեց, որը Գերմանիայի պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվելուց անկախ առաջ գնաց արտագնա խաղում խփած գոլի կանոնի համաձայն: Դա Իսպանիան ներկայացնող թիմերից կրած երրորդ անընդմեջ պարտությունն էր «Բավարիայի» համար:
  • «Բավարիան» այս խաղարկությունում արդեն հաղթել է Լա լիգան ներկայացնող թիմի. մյունխենցիները խմբային փուլի 6-րդ տուրում 1:0 հաշվով հաղթել են նույն «Ատլետիկոյին»: Դա Իսպանիան ներկայացնող թիմերի դեմ երրորդ անընդմեջ հաղթանակն էր սեփական դաշտում: Արտագնա խաղում մյունխենցիները նվազագույն հաշվով են պարտվել «Ատլետիկոյին»: Իսպանիան ներկայացնող թիմերի հետ սեփական դաշտում «Բավարիայի» վիճակագրությունն է՝ Հ18 Ո5 Պ2:

«Ռեալ»

  • «Ռեալն» այս խաղարկությունում չի պարտվել: Մադրիդցիների համար սա 7-րդ անընդմեջ 1/4 եզրափակիչցն է: Նրանք կարող են դառնալ Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանած առաջին թիմը։
  • Ինչ վերաբերում է Չեմպիոնների գավաթի/Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմությանը, ապա «Ռեալը» 34-րդ անգամ է խաղալու 1/4 եզրափակչում: Այդ ամբողջ ընթացքում մադրիդցիներն ընդամենը 6 անգամ չեն կարողացել հաղթահարել փուլի արգելքը: Վերջին անգամ 2003-04թթ. խաղարկությունում պարտվել են «Մոնակոյին»: Իսպանացիները հաղթել են վերջին 6 մրցապայքարում և 7-րդ անգամ անընդմեջ կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն ունեն:
  • Նախորդ խաղարկությունում «Վոլֆսբուրգի» պարտությունը «Ռեալի» համար միակն է Չեմպիոնների լիգայում վերջին 10 արտագնա խաղերում: Դրանցից 5-ում մադրիդցիները հաղթել են:

  • Այս մրցաշրջանում «Ռեալը» նույն խմբում էր «Բորուսսիայի» հետ: Արտագնա խաղում և սեփական դաշտում մադրիդցիները բավարարվեցին ոչ-ոքիներով՝ 2։2: «Ռեալն» ընդհանուր առմամբ Գերմանիայում այսպես է խաղացել՝ Հ4 Ո7 Պ19: Այդ 4 հաղթանակներից 3-ը մադրիդցիները տոնել են վերջին 6 այցերի ընթացքում:
  • Գերմանական ակումբների դեմ երկխաղյա մրցավեճերում «Ռեալի» վիճակագրությունը՝ Հ13 Պ8: Մադրիդցիները Բունդեսլիգան ներկայացնող մրցակիցներին 5 անգամ անընդմեջ հաղթել են և 25 գոլի հեղինակ դարձել:

Թիմերի միջև եղած կապը

  • Կարլո Անչելոտին «Ռեալը» մարզել է 2013-15թթ: Իտալացու գլխավորությամբ 2014-ին մադրիդցիները Չեմպիոնների լիգայի 10-րդ տիտղոսը նվաճեցին: Այդ մրցաշրջանում նրա թիմը կիսաեզրափակչում հաղթել էր «Բավարիային»: Լիսաբոնի որոշիչ խաղի լրացուցիչ ժամանակում պարտության մատնվեց «Ատլետիկոն»:
  • Անչելոտին՝ որպես «Միլանի» գլխավոր մարզիչ, երկու անգամ մրցել է «Ռեալի» հետ: 2002-03թթ. խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում նրա թիմը սեփական դաշտում հաղթեց 1:0 հաշվով, Մադրիդում պարտվեց 1։3 հաշվով, իսկ մրցաշրջանի ավարտին դարձավ գավաթակիր:
  • Զիդանը «Ռեալում» Անչելոտիի օգնականն էր:
  • Խաբի Ալոնսոն 2009-14թթ. Լա լիգայում 158 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում և 4 գոլ խփել:
  • Ալոնսոն մադրիդցիների դեմ 8 խաղի է մասնակցել «Ռեալ Սոսյեդադի» ու «Լիվերպուլի» կազմում (Հ5 Ո1 Պ2): 2003-ին Սան-Սեբաստյանի հաղթական խաղում գոլի հեղինակ է դարձել: Ալոնսոյի հետ «Լիվերպուլը» 2008-09թթ. խաղարկության 1/8 եզրափակչում երկու խաղերի արդյունքում 5:0 հաշվով հաղթել է «Ռեալին»:
  • 2007-09թթ. Արյեն Ռոբենը «Ռեալի» կազմում Լա լիգայի 50 խաղի է մասնակցել, որոնցում 11 գոլ խփել:
  • 2007-14թթ. Թոնի Կրոսը «Բավարիայի» կազմում 130 խաղ է անցկացրել ու 13 գոլ խփել:
  • Ալվարո Մորատան Արտուրո Վիդալի և Կինգսլի Կոմանի հետ 2014-15թթ. հանդես է եկել «Յուվենտուսում»: Մորատան արդյունավետ փոխանցում է կատարել «Բավարիայի» հետ անցյալ մրցաշրջանի 1/8 եզրափակչի երկու խաղերում էլ: Երկու խաղերի արդյունքում գերմանացիները հաղթեցին 6:4 հաշվով:
  • Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 2012-13թթ․ մրցաշրջանի առաջին կիսաեզրափակչում «Բորուսսիայի» կազմում 4 գնդակ է խփել «Ռեալի» դեմ խաղում (4:1)՝ դառնալով մադրիդյան թիմի դեմ պոկեր ձևակերպած առաջին ֆուտբոլիստը։

 

Հավաքականի խաղընկերներ

  • Խավի Մարտինես, Տյագո Ալկանտարա, Խուան Բերնատ և Դանի Կարվախալ, Նաչո, Սերխիո Ռամոս, Իսկո, Ալվարո Մորատա, Լուկաս Վասկես, Կիկո Կասիլյա (Իսպանիա)։
  • Ռենատու Սանշեշ և Պեպե, Ֆաբիու Կուենտրաու, Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)։
  • Թոնի Կրոս և Մանուել Նոյեր, Մաթս Հյումմելս, Յոսուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ, Թոմաս Մյուլլեր (Գերմանիա)։
  • Դանիլո, Մարսելո, Կազեմիրո և Դուգլաս Կոստա (Բրազիլիա)։
  • Ռաֆայել Վարան և Կինգսլի Կոման (Ֆրանսիա):

 

Վիճակագրական տվյալները՝ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում