Ալեքսանդր Չեֆերին․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող հրաշքներ գործել

Ալեքսանդր Չեֆերին․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող հրաշքներ գործել

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկօրյա այցով գտնվում էր Հայաստանում: Ալեքսանդր Չեֆերինը նախ ՀՀ և ՀՖՖ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ մասնակցեց Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի հիմնարկեքին, իսկ երեկոյան շրջայց կատարեց Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, որից հետո ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:

ՈւԵՖԱ-ի նախագահն ասաց, որ այցի գլխավոր նպատակը Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի հիմնարկեքի արարողությանը մասնակցելն է.

«Եկել եմ նաև աջակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը ՈւԵՖԱ-ի և ինձ հետ լավ հարաբերությունների մեջ է: Ինչ վերաբերում է «Croass board leauge»-ին Հայաստանի մասնակցությանը՝ մենք մտածում ենք այդ մասին, քանի որ դա շատ կարևոր է ապագայի համար: Բոլոր փոքր և միջին ֆեդերացիաները կարող են այդ լիգայի անդամները լինել, բայց այս պահին դեռ միայն գաղափարներ են, և չեմ կարծում, որ օրինակ, մյուս տարի այն կյանքի կոչվի»,- ասաց նա:

Ըստ ՈւԵՖԱ-ի նախագահի, ոչ միայն Հայաստանում, այլև ամենուր ֆուտբոլի զարգացման հիմնական խնդիրը ենթակառուցվածքներ են.

«Հայաստանում կան բավականաչափ տաղանդներ և լավ աշխատակազմ, բայց կա ենթակառուցվածքների խնդիր: Դրանք դեռ պետք է բարելավվեն: ՈւԵՖԱ-ն անում է որոշակի ներդրումներ, քանի որ եթե երեխաները խաղալու տեղ չունենան, չեն կարող ֆուտբոլիստ դառնալ: Հայաստանում այս ընթացքում ֆուտբոլային ակադեմիաներ են կառուցվել, որոնց գնահատականը ինքներդ պետք է տաք: Ձեր ազգային առաջնությունը փոքր է, իսկ ակումբների բյուջեն՝ քիչ, ուստի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող հրաշքներ գործել: Կարծում եմ՝ կարևորը երիտասարդների հետ աշխատելն է: Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հայ է, ակնհայտ է, որ այստեղ կարող են լավ ֆուտբոլիստներ պատրաստել»:

Այն հարցին, թե ինչպիսի փոփոխություններ է իրականացնելու ՈւԵՖԱ-ում և արդյո՞ք կառույցում հետամուտ են լինելու նախորդ նախագահ Միշել Պլատինիի իրականացրած քաղաքականությանը, Ալեքսանդր Չեֆերինը պատասխանեց, որ մեկ շաբաթ առաջ ՈւԵՖԱ-ի կոնգրեսի նիստ է տեղի ունեցել, որտեղ էլ քննարկվել են լուրջ բարեփոխումների հարցերը․

«Յուրաքանչյուր նախագահ իր մոտեցումներն ունի, ես՝ նույնպես: ՈւԵՖԱ-ն շատ լավ կազմակերպություն է, ավելի լավը, քան այլ սպորտային կազմակերպություններ: Բայց դա չի նշանակում, որ չպետք է նորամուծություններ անենք և հարմարվենք նոր պահանջներին»:

ՈւԵՖԱ-ի նախագահը նաև ընդգծեց, որ ֆուտբոլում առանցքային նշանակություն ունի ֆինանասկան ֆեյր-փլեյը, ինչի ուղղությամբ ՈւԵՖԱ-ն աշխատանքներ է տանում․

«Խոսել եմ խոշոր ակումբների սեփականատերերի ու նախագահների հետ: Նրանք նույնպես հետաքրքրված են, որպեսզի ֆուտբոլը ամենուր զարգանա, բայց միշտ էլ փոքր առաջնությունները խնդիր են»,- եզրափակեց խոսքը Ալեքսանդր Չեֆերինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում