ՉԼ․ Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

ՉԼ․ Ռոնալդուի դուբլի շնորհիվ «Ռեալը» կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ։

«Ալյանց Արենայում» կայացած հանդիպման առաջին կեսում թիմերը բավականին զգուշավոր ֆուտբոլ ցուցադրեցին, և վտանգավոր պահերը հիմնականում ստեղծվեցին ստանդարտների խաղարկումից։ Դաշտի տերերը, ունենալով զգալի առավելություն, հաշիվը բացեցին 25–րդ րոպեին, երբ անկյունայինից Տյագո Ալկանտարան գնդակը հասցեագրեց Արտուրո Վիդալին, իսկ չիլիացին գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը։

Խաղակեսի վերջնամասում Վիդալը դուբլ ձևակերպելու հիանալի հնարավորություն ուներ։ Հանդիպման գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց տուգանային՝ «ձեռքով խաղ» արձանագրելով Դանի Կարվախալի կողմից, սակայն Վիդալը չկարողացավ դիպուկ 11-մետրանոց նշակետից։

Երկրորդ կեսում Զինեդին Զիդանի սաները խաղադաշտ դուրս եկան այլ տրամադրվածությամբ և հենց մեկնարկում՝ 47-րդ րոպեին, վերականգնեցին հավասարությունը․ աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Խաղակեսի միջնամասում «Բավարիան» մնաց 10 հոգով․ 3 րոպեում 2 դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Խավի Մարտինեսը։

Ստանալով թվային առավելություն՝ «սերուցքայինները» սկսեցին ավելի ակտիվ գործել առջևի գծում և կարողացան հաղթանակի հասնել․ 77-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոնալդուն։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 18-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ

«Բավարիա» – «Ռեալ»՝ 1։2
Գոլերը՝ Վիդալ 25՛ – Ռոնալդու 47՛, 77՛

Չիրացրած 11-մետրանոց՝ 45+1՛
Հեռացում՝ Մարտինես 61՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում