«Մանչեսթեր Յունայթեդը» վստահորեն հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» վստահորեն հաղթեց «Չելսիին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Չելսիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց: Ժոզե Մոուրինյուի թիմը յուրաքանչյուր խաղակեսի սկզբում մեկական գոլ խփեց։

Հանդիպման 7-րդ րոպեին Մարկուշ Ռաշֆորդը հիանալի փոխանցում ստացավ Անդեր Էրրերայից ու դարպասապահ Բեգովիչի կողքով գնդակն ուղարկեց դարպասը: 

49-րդ րոպեին աչքի ընկավ հանդիպման հերոս Էրրերան: Բասկ ֆուտբոլիստը տուգանային հրապարակի մատույցներից հարված կատարեց, ինչից հետո գնդակը, անդրադառնալով Զումայից, հայտնվեց դարպասում:

Հետագա ժամանակահատվածում «կարմիր սատանաները» կարողացան ամբողջովին չեզոքացնել լոնդոնցիների հարձակման փորձերը: Արդյունքում, Անտոնիո Կոնտեի թիմը ոչ մի գոլային պահ չստեղծեց:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պահեստայինների թվում էր և այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:

«Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակից հետո ունի 60 միավոր, բարձրացել է 5-րդ հորիզոնական և այժմ 4 միավորով է զիջում Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող չորրորդ հորիզոնականից, որը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթին»: Մոուրինյուի թիմը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Չելսին» մնաց 75 միավորով. lոնդոնցիներն այժմ ընդամենը 4 միավորով են գերազանցում երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում