«Ռեալ» – «Բավարիա». Տիտանների բախմանն ընդառաջ

«Ռեալ» – «Բավարիա». Տիտանների բախմանն ընդառաջ

Այսօր ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալ Մադրիդ» – «Բավարիա» պատասխան խաղի վրա: Առաջին հանդիպումն ավարտվել է մրցաշարի գործող գավաթակրի արտագնա հաղթանակով՝ 2:1 հաշվով: Պատասխան հանդիպմանն ընդառաջ` Sport.Times.am-ը ներկայացնում է որոշ դիտարկումներ։

Հակիրճ նախորդ խաղի մասին

Առաջին հանդիպման ընթացքում ամեն ինչ մյունխենցիների ձեռքում էր: Դաշտի տերերը լավ էին սկսել առաջին կեսը, լիովին վերահսկում էին խաղի ընթացքը, սակայն Վիդալի չիրացրած 11-մետրանոցն ու Մարտինեսի հեռացումը ջուրը գցեցին խաղընկերների և գլխավոր մարզչի չարչարանքները: «Ռեալը» չափազանց գրագետ ֆուտբոլ ցուցադրեց՝ սպասելով մրցակցի սխալին: Արդյունքում, արտագնա հաղթանակ, որը պատասխան խաղից առաջ մեծ առավելություն է տալիս թե՛ խաղային, թե՛ հոգեբանական տեսանկյունից:

Կադրային խնդիրները

«Ռեալին» այս խաղում չեն կարողանա օգնել Ռաֆայել Վարանը, Պեպեն և Գարեթ Բեյլը, բոլորն էլ վնասվածքների պատճառով: «Բավարիայի» հայտացուցակից դուրս է մնացել Խավի Մարտինեսը՝ որակազրկման պատճառով, իսկ Ջերոմ Բոատենգի և Մաթս Հյումմելսի մասնակցությունը հարցականի տակ է:

Հավանական մեկնարկային կազմերը

«Ռեալ» – Նավաս, Մարսելո, Ռամոս, Նաչո, Կարվախալ, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Ռոնալդու, Բենզեմա, Իսկո:

«Բավարիա» – Նոյեր, Բերնատ, Ալաբա, Բոատենգ, Լամ, Ալոնսո, Վիդալ, Ալկանտարա, Ռոբեն, Լևանդովսկի, Մյուլլեր:

Մարտավարությունը

«Ռեալ» – 4-3-3

Զինեդին Զիդանը նախընտրում է 4-3-3 տակտիկական դասավորությունը, որի շնորհիվ թիմը կարողանում է թվային առավելություն ստանալ խաղային բոլոր գոտիներում: Պաշտպանվելիս «Ռեալի» սխեման վերածվում է 4-5-1-ի` եզրային հարձակվողները նահանջում են: Նախորդ խաղում մեծ ծավալի աշխատանք կատարեց Կրիշտիանու Ռոնալդուն: Նա չէր զլանում և «Բավարիայի» բոլոր գրոհների ժամանակ նահանջում էր՝ օգնելով Մարսելոյին:

Աջ եզրային հարձակվողի դիրքում Բեյլին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Իսկոն: Իսպանացին, ի տարբերություն Խամեսի, «Ռեալի» վերջին՝ Խիխոնի «Սպորտինգի» դեմ հանդիպմանը պարզապես ֆանտաստիկ խաղ ցուցադրեց՝ կարևոր հաղթանակ պարգևելով մադրիդցիներին։ Այդ հանդիպումից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչն ակնարկեց, որ Իսկոն կլինի «Բավարիայի» դեմ խաղի մեկնարկային կազմում։

«Բավարիա» – 4-2-3-1

Կարլո Անչելոտին օգտագործում է 4-2-3-1 տակտիկական սխեման: «Ռեալի» դեմ առաջին խաղում բավականին տարօրինակ դիրքում էր խաղում Ալկանտարան: Նա անընդհատ դուրս էր գալիս իրեն հատկացված «10» համարի գոտուց և պարբերաբար հայտնվում էր նոմինալ հարձակվող Մյուլերի հետ մի գծի վրա: Պատասխան հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, նման բան չի լինի, քանի որ կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու է Լևանդովսկին, ոչ թե Մյուլլերը:

Ֆրանկ Ռիբերին նախորդ հանդիպումը սարսափելի անցկացրեց: Ֆրանսիացին չափազանց պասիվ էր իր եզրում, անհասկանալի կերպով անընդհատ տեղաշարժվում էր դաշտի կենտրոնական հատված: Կարելի է ենթադրել, որ Ռիբերին կմնա պահեստայինների նստարանին, և նրա փոխարեն խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Թոմաս Մյուլերը: Պաշտպանական գծում տիրող քաոսի պատճառը վնասվածքներն են, բայց հավանականություն կա, որ անգամ Հյումելսը կկարողանա խաղալ:

Խաղի հավանական սցենարը

«Բավարիային» անհրաժեշտ է առնվազն երկու գոլի առավելություն, իսկ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում դա անելն այնքան էլ հեշտ չէ: Պարզ է մի բան՝ պետք է գրոհել, գրոհել ու նորից գրոհել, բայց լինել զգոն և չկորցնել կենտրոնացվածությունը: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Զիդանի թիմն այս մրցաշրջանում յուրահատուկ հանգստություն է ցուցաբերում: Սա կարող է լինել մադրիդցիների հաղթաթուղթը: Առանց շտապելու, առանց ավելորդ լարվածության հանգիստ սպասել, «դարանակալել» և օգտվել մրցակցի սխալներից: Չի բացառվում՝ «Ռեալը» մեկնարկային րոպեներից գնդակը հանձնի մրցակցին՝ ապավինելով հակագրոհների մարտավարությանը, ինչից Անչելոտիի թիմը, հնարավոր է, անակնկալի գա և չկարողանա խուսափել սխալներից։

«Բավարիայի» հաղթաթուղթը կարող են դառնալ ստանդարտ դիրքերը։ Պաշտպանվելիս Մադրիդի «Ռեալը» մեծամասամբ կիրառում է դիրքային, ոչ թե անհատական պաշտպանություն: Նման դեպքերում հարձակվող թիմի ֆուտբոլիստները մրցակցի տուգանային հրապարակում անընդհատ տեղաշարժերով կարողանում են քանդել պաշտպանական համակարգը: Նմանատիպ սխալից էլ Վիդալը կարողացավ բացել խաղի հաշիվը «Ալյանց Արենայում»: 

Անշուշտ, մեծ նշանակություն կունենան նաև ֆուտբոլիստների անհատական գործողությունները: Երկու թիմերում էլ հավաքված են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է միայնակ լուծել ցանկացած հանդիպման ելք: 

Կարճ ասած, մեզ խելահեղ ֆուտբոլային երեկո է սպասվում:

Դիմակայությանն առնչվող պատմական տվյալների կարող եք ծանոթանալ առաջին խաղից առաջ հրապարակված նյութում։

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում