ՉԼ․ «Ռեալը» դրամատիկ պայքարում կրկին հաղթեց «Բավարիային», Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալը» դրամատիկ պայքարում կրկին հաղթեց «Բավարիային», Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ՝ հաղթահարելով «Բավարիայի» արգելքը։ Առաջին խաղում «սերուցքայինները» 2։1 հաշվով հաղթանակ էին տոնել, իսկ պատասխան խաղում առավելության հասան 4։2 հաշվով։

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած պատասխան խաղում մյունխենցիները բավականին ակտիվ մեկնարկեցին, սակայն նախաձեռնությունն աստիճանաբար անցավ դաշտի տերերի կողմը։ Խաղակեսն անցավ երկուստեք սխալներով, վտանգավոր գրոհներով, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։

Խաղի առանցքային իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ կեսում։ 53-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց «Բավարիային»՝ դիպուկ իրացնելով Կազեմիրոյի՝ Արյեն Ռոբենի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ 76-րդ րոպեին «սերուցքայինները» վերականգնեցին հավասարությունը․ Կազեմիրոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ռեալի» ֆուտբոլիստները չէին հասցրել վայելել պատասխան գոլի ուրախությունը, երբ «Բավարիան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ․ 78-րդ րոպեին ինքնագոլ խփեց Սերխիո Ռամոսը։ Խաղակեսի վերջնամասում «Բավարիան» մնաց 10 հոգով․ 84-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Արտուրո Վիդալը։

Հիմնական ժամանակում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին, և կիսաեզրափակչի ուղեգրի տերը որոշվեց լրացուցիչ ժամանակում, որում թվային առավելություն ունեցող դաշտի տերերը կարողացան 3 գոլ խփել։ 105-րդ րոպեին Ռամոսի փոխանցումից հետո Ռոնալդուն դուբլ ձևակերպեց։ Պորտուգալացի հարձակվողը խաղից դուրս իրավիճակում էր, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Կաշաին արձանագրեց գոլը։ 112-րդ րոպեին փայլուն խաղով աչքի ընկավ Մարսելոն․ բրազիլացին հիանալի անցումից հետո գնդակը հասցեագրեց Ռոնալդուին, ով էլ հեթ-տրիկ ձևակերպեց։ Վերջնական հաշիվը 112-րդ րոպեին ձևակերպեց Մարկո Ասենսիոն։

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաղթելով 6։3 հաշվով՝ «Ռեալը» եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր տիտղոսի համար պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ռեալ» – «Բավարիա»՝ 4։2 (ընդհանուր՝ 6։3)
Գոլերը՝ Ռոնալդու 76՛,105՛, 110՛, Ասենսիո 112՛ – Լևանդովսկի 53՛ / 11-մետրանոց, Ռամոս 78՛ / ինքնագոլ
Հեռացում՝ Վիդալ 84՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում