«Բավարիայի» ֆուտբոլիստների դժգոհությունը․ «Նման գողությունը Չեմպիոնների լիգայում չպետք է տեղ ունենա»

«Բավարիայի» ֆուտբոլիստների դժգոհությունը․ «Նման գողությունը Չեմպիոնների լիգայում չպետք է տեղ ունենա»

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալ» – «Բավարիա» (4:2, ընդհանուր՝ 6։3) խաղից հետո մյունխենյան թիմի որոշ ֆուտբոլիստներ հայտարարել են, որ մրցակիցը հաղթել է Վիկտոր Կաշաիի գլխավորած մրցավարական անձնակազմի սխալների շնորհիվ։

«Նման գողությունը Չեմպիոնների լիգայում չպետք է տեղ ունենա։ Մենք ցանկանում էինք դուրս գալ կիսաեզրափակիչ, սակայն այսպիսի խաղի ելքը վճռեց մրցավարը։ Հենց մրցավարի պատճառով է «Բավարիան» դուրս մնում։ Մենք խիստ զայրացած ենք անարդարությունից»,- Արտուրո Վիդալի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

«Վիդալին երկրորդ դեղին քարտը հենց այնպես տվեցին, նա խախտում չէր կատարել։ Մեզ զայրացնում է, որ մրցավարները մեր գործողությունները որոշակի սահմանների մեջ են դնում, իսկ մրցակցինը՝ ոչ։ Շատ հիասթափված ենք մրցավարությունից»,- ասել է Տյագո Ալկանտարան։

Արյեն Ռոբենը ևս դժգոհողների թվում է եղել․

«Ամբողջ աշխարհը տեսավ երկու հիանալի թիմերի հանդիպում։ Նման խաղը պետք է ուրախություն պարգևեր։ Եվ ահա, նման խաղի արդյունքը վճռում են մրցավարները։ Ես չեմ սիրում խոսել մրցավարների մասին, բայց միշտ պետք է հասկանաս՝ ինչպիսի որոշումներ ես կայացնում։ Այսօր մրցավարները մեկ անգամ չէ, որ սխալվեցին։ Հանդիպման ելքը վճռեց սուլիչով մարդը»,- ասել է հոլանդացի ֆուտբոլիստը։

Համեմատաբար մեղմ է արտահայտվել «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը

«Թիմը հաղթելու ձգտում ցույց տվեց։ Ցանկանում էինք անպայման շարունակել պայքարը։ Որոշ դրվագներում մեր բախտը բերեց, որոշ դրվագներում էլ մրցավարական որոշումների արդյունքում մեր բախտը չբերեց։ Մենք արժանի էինք շարունակելու պայքարը, սակայն այդ ամենն այլևս նշանակություն չունի»,- ասել է Լամը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում