«Գոլդեն Սթեյթը» ոչնչացրեց «Պորտլենդին», «Հյուսթոնը» կրկին հաղթեց «Օկլահոմային» (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի են ունեցել 1/8 եզրափակչի երեք դիմակայությունների երկրորդ հանդիպումները:

«Հյուսթոնը» երկրորդ անգամ սեփական հարկի տակ հաղթել է «Օկլահոմային»: Գրանցվել է 115:111 հաշիվը: Երկու թիմերի առաջատարներ Ջեյմս Հարդենն ու Ռասել Ուեսթբրուկը հերթական արդյունավետ հանդիպումներն են անցկացրել: «Մորուքը» 35 միավոր է վաստակել և վստահորեն կառավարել է իր թիմի խաղը: Ռասելն իր հաշվին գրանցել է 51 միավոր, 13 անդրադարձ ու 10 փոխանցում, սակայն չորրորդ քառորդում չափազանց շատ է տարվել անհատական խաղով ու բազմաթիվ վրիպումներ թույլ տվել:

«Գոլդեն Սթեյթը» սեփական հարկի տակ մրցել է «Պորտլենդի» հետ ու 110:81 հաշվով գերվստահ հաղթանակ տոնել: «Ուորիորզը» հանդես է եկել առանց Կևին Դյուրանտի, ով մկանային վնասվածք ունի: Ուշագրավ է, որ այս խաղում ոչ մի բասկետբոլիստ 20 միավորի սահմանը չի հատել:

Արևելյան կոնֆերենցիայում «Վաշինգտոնը» 109:101 հաշվով առավելության է հասել «Ատլանտայի» նկատմամբ: Այս զույգում նույնպես ընդհանուր հաշիվը դարձել է 2:0: «Ուիզարդսի» խաղարկող Ջոն Ուոլն իր հաշվին գրանցել է 32 միավոր: Բրեդլի Բիլը հավաքել է` 31, իսկ «Հոուքսի» ամենաարդյունավետ բասկետբոլիստ Փոլ Միլսեպը` 27:

Հետևեք մեզ նաև Telegram-ում