Կլասիկո, որ զգալիորեն կլուծի չեմպիոնության հարցը

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կարող է լուծվել չեմպիոնության հարցը։ Առաջատար «Ռեալը» հյուրընկալելու է «Բարսելոնային», որին գերազանցում է 3 միավորով և դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։ Եթե կատալոնացիները ցանկանում են մնալ չեմպիոնական պայքարում, պետք է հաղթեն Մադրիդում։

Մի փոքր վիճակագրություն

Իսպանիայի առաջնության շրջանակում թիմերը 173 անգամ են հանդիպել․ 72 հաղթանակ տոնել են «սերուցքայինները», «Բարսելոնան» հաղթել է 68 անգամ, 33 խաղում էլ թիմերը հաղթողին չեն որոշել։ Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած վերջին 12 Կլասիկոներից ընդամենը մեկում են գոլեր խփել միայն մեկ թիմի ֆուտբոլիստներ․ 2015 թվականի նոյեմբերին «Բարսելոնան» 4։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Իսպանիայի առաջնությունում թիմերի լավագույն ռմբարկուները

  • Կրիշտիանու Ռոնալդու – 19 գոլ
  • Լիոնել Մեսսի – 29 գոլ

Իսպանիայի առաջնության շրջանակում Լիոնել Մեսսին «Ռեալի» դեմ 20 հանդիպում է անցկացրել, խփել է 14 գոլ, բայց վերջին 5 Կլասիկոներում արգենտինացին լուռ է․․․ Պրիմերայի շրջանակում վերջին անգամ Մեսսին «Ռեալի» դարպասը գրավել է 2014 թվականի մարտին, երբ նրա հեթ-տրիկն օգնեց կատալոնացիներին 4։3 հաշվով հաղթանակ տոնել «Սանտյագո Բեռնաբեուում»։ Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» դեմ անցկացրած 14 խաղում 8 գոլ է խփել։ Ընդ որում, վերջին 6 խաղում պորտուգալացին աչքի է ընկել 4 անգամ։

Հաղթանակի գինը

Եթե հաղթի «Ռեալը», գրեթե կլուծի չեմպիոնության հարցը։ «Ռեալը» «Բարսելոնայի» նկատմամբ կստանա 6 միավորի առավելություն՝ ունենալով «պահուստային» հանդիպում «Սելտայի» հետ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ Կլասիկոյում հաղթելով 2։1 հաշվով՝ «Ռեալն» ընդհատեց «Բարսելոնայի»՝ 39 խաղից բաղկացած անպարտելիության շարքը։ Այս մրցաշրջանում Զինեդին Զիդանի սաները գերազանցեցին այդ ցուցանիշը։ Բացի այդ, «Ռեալն» արդեն 55 անընդմեջ հանդիպում է՝ խաղադաշտից առանց գոլ խփելու չի հեռանում։ «Ռեալին» կբավարարի նաև ոչ-ոքի արդյունքը, սակայն «սերուցքայինները», իհարկե, ջանք չեն խնայի սկզբունքային հակառակորդին հաղթելու և վերջինիս հեղինակությանը ևս մեկ հարված հասցնելու համար․․․ Բայց մեդալն ունի հակառակ կողմը՝ միշտ պետք է զգուշանալ վիրավոր գազանից։

«Բարսելոնայի» վերջին անհաջողությունները, Չեմպիոնների լիգայից դուրս մնալը մեծ հարված են հասցրել գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և նրա սաների ինքնասիրությանը։ Այս հանդիպումը մրցաշրջանը փրկելու վերջին հնարավորությունն է, և Էնրիկեն դա չի թաքցնում՝ հայտարարելով, որ Կլասիկոն համարժեք է եզրափակչի։

Եթե հաղթի «Բարսելոնան», առաջնությունում ինտրիգը նոր թափ կստանա, իսկ կատալոնացիները՝ նաև փոքր առավելություն, քանի որ եթե թիմերն առաջնությունը հավասար միավորներով ավարտեն, չեմպիոնին որոշելու համար հաշվի են առնվելու միմյանց միջև անցկացրած հանդիպումները, իսկ մրցաշրջանի առաջին Կլասիկոյում հաղթող չի եղել՝ 1։1։

Կլասիկոյից հետո «Ռեալի» համար համեմատաբար բարդ են լինելու սեփական հարկի տակ «Վալենսիայի» և «Սևիլյայի» հետ հանդիպումները, իսկ «Բարսելոնան» դեռ տնային հանդիպում ունի «Վիլյառեալի» հետ։ Սակայն, անգամ հավասար միավորներով առաջնության ավարտին մոտենալը «Բարսելոնայի» համար վտանգավոր տարբերակ է․ կատալոնացիներն առաջնությունն ավարտելու են «Էյբարի» հետ խաղով, իսկ մադրիդյան թիմը՝ «Մալագայի», որը գլխավորում է «Արքայական ակումբի» անվանի ֆուտբոլիստներից Միչելը․․․ Դժվար թե, վերջինս ամեն գնով խանգարի հարազատ թիմին հասնել այդքան սպասված չեմպիոնությանը։

Ի՞նչ ակնկալել

Մադրիդցիները ռեկորդային՝ 7-րդ անգամ անընդմեջ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, և այդ հանգամանքը չի կարող դրական ազդեցություն չունենալ թիմի տրամադրվածության վրա։ «Բարսելոնայի» մասին նույնն ասելը փոքր-ինչ բարդ է․ թիմը վերջին 5 խաղերից միայն 2-ում է հաղթել, Չեմպիոնների լիգայում չորեքշաբթի անցկացրած հանդիպման արդյունքում մեկ օր քիչ է հանգստացել, և խաղալու է առանց Նեյմարի, ով ընթացիկ մրցաշրջանում շատ խաղերում ավելի լավ է կատարել թիմը առաջնորդողի դերը, քան Լիոնել Մեսսին։ 

Չնայած «Ռեալը» խաղալու է տանը՝ հնարավոր է, որ նախաձեռնությունը զիջի մրցակցին, և հերթական անգամ ականատես լինենք Զիդանի, այսպես ասած, «սպասողական» մարտավարությանը, ինչն այս մրցաշրջանում բազմիցս աշխատել է։ Կլասիկոյին չեմպիոնական նշանակություն տվող «Բարսելոնան» հակառակը՝ չի կարող սպասել, կատալոնական թիմն անընդհատ իր հնարավորություններն է փնտրելու՝ չմոռանալով արդյունավետության մասին։ Անգամ ոչ լավ վիճակում գտնվող «Բարսելոնան» ունի Մադրիդում հաղթելու հնարավորություն, իսկ «Ռեալը» սովորել է՝ ինչպես է պետք խաղալ արդյունքի համար։

Կանխատեսումնե՞ր․․․ Կլասիկոյում դրանք երբեք չեն աշխատում։

Կորուստներ

Բնականաբանար, Զիդանի համար պաշտպանության կենտրոնն ավելի հուսալի կլիներ, եթե վնասվածքներ չունենային Ռաֆայել Վարանը կամ Պեպեն, սակայն Նաչոն «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերում ընդհանուր առմամբ վատ տպավորություն չթողեց: Գարեթ Բեյլն ապաքինվել է վնասվածքից և, ամենայն հավանականությամբ, կխաղա առաջին րոպեներից։

Լուիս Էնրիկեի խնդիրներն ավելի լուրջ են։ «Յուվենտուսի» հետ վերջին խաղում նա 2 փոխարինում կատարեց՝ խաղադաշտ դուրս բերելով Պակո Ալկասերին և Մասկերանոյին, սակայն խաղի որակը դրանից առանձնապես չփոխվեց։ Անդրե Գոմեշին քննադատում է ով կարողանում է, ուստի նրան մեկնարկային կազմում սպասելը քիչ հավանական է։ Նեյմարը չի խաղա որակազրկման պատճառով, Թուրանը շարունակում է ապաքինվել․․․

Հավանական կազմեր

«Ռեալ»․ Կեյլոր Նավաս – Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու։

«Բարսելոնա»․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Ռոբերտո, Պիկե, Յումտիտի, Ալբա, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա, Ալկասեր, Սուարես, Մեսսի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում