Էլինա Դանիելյանն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց

Ռիգայում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Եզրափակիչ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հունգարիայի ներկայացուցիչ Հոան Թան Թրանի հետ: 11-րդ տուրում Մարիա Գևորգյանը հաղթանակ տարավ, Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց:

Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: 8 միավորով արծաթե մեդալի արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գորյաչկինան, իսկ Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Ալիսա Գալյամովան եզրափակեց լավագույն եռյակը:

Էլինա Դանիելյանը 7.5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Լիլիթ Մկրտչյանը վաստակեց 6.5 միավոր, Մարիա Գևորգյանը` 5.5, իսկ Լիլիթ Գալոյանը` 5: Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եվրոպայի առաջնության արդյունքներով Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստացան 14 լավագույն շախմատիստուհիները, այդ թվում՝ Էլինա Դանիելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում