Կլասիկոյից առաջ․ Ո՞ր ֆուտբոլիստն է ամենաքիչը վազում

Իսպանական «Marca» պարբերականը Պրիմերայի 33-րդ տուրի՝ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպմանն ընդառաջ հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել։ Պարբերականը կազմել է մադրիդյան և կատալոնական թիմերի ամենաշատ և ամենաքիչ վազող ֆուտբոլիստների ցանկը։

Երկու թիմերի ֆուտբոլիստներից ընթացիկ մրցաշրջանում ամենաքիչը վազում է Լիոնել Մեսսին։ Արգենտինացի հարձակվողը 90 րոպեի ընթացքում միջինը վազում է 7901 մետր։ Նրանից ավելի քիչ վազում են միայն թիմերի դարպասապահները և «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը, ով առանձնապես խաղաժամանակ էլ չի ստանում։

Կատալոնական թիմից մեկ խաղի ընթացքում ամենաշատը վազում է Անդրե Գոմեշը (11 865 մետր), իսկ «Ռեալից»՝ Լուկաս Վասկեսը (12 825 մետր)։ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի միջին ցուցանիշը 9353 մետր է, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսինը՝ 9190 մետր։

Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ ժամը 22։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում