Չեմպիոնական ինտրիգը սրվեց․ «Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» պարտվեց «Բարսելոնային»։

Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ լարված պայքարում և փոխադարձ գրոհներով։ «Սերուցքայինների» հարվածների մասից հետո խաղի մեջ էր մտնում Մարկ-Անդրե տեր Շտեգենը, իսկ հյուրերի հարվածները հիմնականում շեղ էին ստացվում։ Նախքան ընդմիջում թիմերը մեկական գոլ խփեցին։ Հաշիվը բացվեց 28-րդ րոպեին․ դաշտի տերերի անկյունայինից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գնդակը դուրս հանեցին տուգանայինից, սակայն Մարսելոն հարձակմանը նոր թափ հաղորդեց՝ փոխանցում կատարելով Սերխիո Ռամոսին։ «Ռեալի» ավագի հարվածը դիպուկ չստացվեց, սակայն Կազեմիրոն, արագ արձագանքելով դրվագին, գնդակն ուղարկեց տեր Շտեգենի դարպասը։

«Բարսելոնան» բավականին արագ վերականգնեց հավասարությունը․ 33-րդ րոպեին վարպետությամբ փայլեց Լիոնել Մեսսին, ով Մարսելոյի հետ բախման արդյունքում շրթունքի վնասվածք էր ստացել և խաղակեսի մեծ մասն անցկացրեց թաշկինակը բերանին։

Երկրորդ խաղակեսը ևս անցավ թեժ պայքարում։ 73-րդ րոպեին Իվան Ռակիտիչը հիանալի հարվածով առաջ մղեց «Բարսելոնային»։ 4 րոպե անց «Ռեալը» մնաց 10 հոգով․ Սերխիո Ռամոսը Մեսսիի նկատմամբ կոպիտ խաղալու համար կարմիր քարտ ստացավ։ 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Խամես Ռոդրիգեսը Մարսելոյի փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան եզրափակիչ սուլիչը հյուրերին հաջողվեց հաղթական գոլ խփել․ ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Մեսսին։

Այս հանդիպումից հետո թիմերն ունեն 75-ական միավոր, սակայն «Ռեալը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 2։3
Գոլերը՝ Կազեմիրո 28՛, Խամես 85՛ – Մեսսի 33՛, 90+2՛, Ռակիտիչ 73՛
Հեռացում՝ Ռամոս 77՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում