Զիդան. 2:2 հաշվից հետո հարկավոր էր ամբողջ թիմով պաշտպանվել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է Պրիմերայի 33-րդ տուրում «Բարսելոնայի» հետ կայացած հանդիպումը (2:3): Ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Խաղի մասին

««Ռեալն» ուրախ լինելու առիթ չունի: Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք խաղի ընթացքը տնօրինել: Եթե 1:0 հաշվի ժամանակ չի հաջողվում զարգացնել առավելությունը, ապա ամեն բան կարող է պատահել: Հիասթափված ենք այս արդյունքից»:

Սխալ մարտավարություն

«Երբ 10 ֆուտբոլիստով հավասարացնում ես հաշիվը, պետք է հետո խելացի գործես ու ամբողջ թիմով պաշտպանվես: Մտածում էինք, թե կարող ենք երրորդ գոլը խփել, ինչի հետևանքով ազատ գոտիներ առաջացան, և «Բարսելոնան» հաղթանակ կորզեց: Եթե հնարավորություն ունենայի, նորից նույն մեկնարկային կազմը կընտրեի և նույն փոփոխությունները կկատարեի»:

Մեսսիի մասին

«Շնորհավորում եմ նրան: Նա երկու գոլ խփեց ու իր թիմի համար որոշիչ դեր խաղաց, սակայն «Բարսելոնան» միայն Մեսսին չէ»:

Վնասվածքից հետո Բեյլին մեկնարկային կազմում ընդգրկելու որոշումը.

«Բեյլն ասաց, որ իրեն նորմալ է զգում: Ոչ մի դեպքում չեմ զղջում իմ որոշման շուրջ: Տխուր եմ, որ նա վնասվածք ստացավ, բայց նման բաները հնարավոր չէ վերահսկել: Նա բուժզննում կանցնի, և հուսով եմ՝ շուտով շարք կվերադառնա:

Չեմպիոնական պայքարի մասին

«Չեմպիոնությանը հարցը բաց է: Պետք է մտածենք հաջորդ խաղի մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում