«Ռեալ» – «Բարսելոնա» խաղի ուշագրավ թվերը

Հանգստյան օրերին համաշխարհային ֆուտբոլի գլխավոր իրադարձությունը «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումն (2:3) էր: Այն թրիլերային սցենարով անցավ և արդարացրեց սպասումները: Ներկայացնում ենք Կլասիկոյի արդյունքում գրանցված մի շարք ուշագրավ վիճակագրական տվյալներ:

«Ռեալը» նախկինում երբեք Պրիմերայի շրջանակում ավելացված ժամանակում հաղթական գոլ բաց չէր թողել:

Սերխիո Ռամոսը Կլասիկոների ժամանակ 5-րդ անգամ է հեռացվում խաղադաշտից: Դա այս դիմակայության նոր հակառեկորդն է: Ընդ որում, այդ հեռացումներից երեքը եղել են ուղիղ կարմիր քարտով, ինչը նույնպես հակառեկորդ է:

«Ռեալի» դեմ հանդիպումներում Մեսսիի գոլային «երաշտը» 6 խաղ տևեց: Երեկ արգենտինացին երկու գնդակ հեղինակեց և 23 գոլով ամրապնդեց Կլասիկոների պատմության ռմբարկուի դիրքը:

Գարեթ Բեյլը դարձավ Պրիմերայում 100 խաղի սահմանը հատած երրորդ բրիտանացին: Նրանից առաջ դա հաջողվել էր Դևիդ Բեքհեմին (116) ու Գարի Լինեկերին (103):

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հանդիպման ընթացքում 12 սեյվ է կատարել: Դա 2003 թվականից հետո (երբ սկսվել է կատարվել այդ հաշվարկը) «կապտանռնագույնների» դարպասապահների նոր ռեկորդն է:

Հանդիպման առաջին խաղակեսում Մեսսին 5 արդյունավետ խաբք է կատարել (ընդհանուր` 7): Երկու թիմերի մյուս բոլոր 21 ֆուտբոլիստները միասին` 2 խաբք:

«Transfermarkt.de»-ն երկու թիմերի մեկնարկային կազմերը գնահատել է 1 միլիարդ 34 միլիոն եվրո: Մադրիդցիների կազմը 510 միլիոն եվրո, իսկ «կապտանռնագույններինը` 524:

Կատալոնացիները Լա լիգայի շրջանակում 23-րդ անընդմեջ խաղում գրավել են «Ռեալի» դարպասը: Դա նոր ռեկորդ է: Նախորդ լավագույն ցուցանիշը (22) գրանցել էր «Արքայական ակումբը» (1959-1969 թթ.):

Կլասիկոյում վերջին անգամ 0:0 հաշիվը գրանցվել է 2002 թվականին: Այս ընթացքում թիմերը 35 հանդիպում են անցկացրել:

Մեսսիից շատ գոլ «Ռեալին» խփել է միայն Բիլբաոյի «Ատլետիկի» լեգենդար հարձակվող Տելմո Սարան (24):

«Սերուցքայինները» մինչև այդ իրենց պատմական մրցակիցներ «Բարսելոնային» (3 անգամ) ու «Ատլետիկոյին» (4) չէին պարտվել բոլոր այն խաղերում, որոնցում Կազեմիրոն մասնակցել էր հանդիպմանը:

Սերխիո Ռամոսը մինչև 77-րդ րոպեին խաղադաշտից հեռացվելը ոչ մի անգամ գնդակ չի խլել ու ոչ մի անգամ չի տիրել «չեզոք» գնդակին:

Մեսսին դարձավ մեկ թիմի կազմում 500 գոլ խփած 8-րդ ֆուտբոլիստը: Նրանից առաջ դա հաջողվել է Պելեին («Սանթոս», 643 գոլ), Գերդ Մյուլերին («Բավարիա», 566), Ֆերնանդու Պեյրոտեուին («Սպորտինգ», 544), Յոզեֆ Բիցանին («Սլավիա», 534), Ջիմի Մակրորիին («Սելթիկ», 522), Ջիմի Ջոնսին («Գլենովան», 517) և Ուվե Զելերին («Համբուրգ», 507):

«Ռեալ» – «Բարսելոնա» մրցավեճի այլ թվեր.
Հարվածներ` 22 – 16
Գոլային պահեր` 17 – 12
Գնդակի վերահսկողություն` 46% – 54%
Փոխանցումների ճշգրտության տոկոս` 84% – 89%

Հետևեք մեզ նաև Telegram-ում