Ռայտորալն ինքնասպան է եղել

«Գազիանտեպսփորի» պաշտպան Ֆրանտիշեկ Ռայտորալը 31 տարեկանում մահացել է:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկությամբ, չեխ ֆուտբոլիստն ինքնասպան է եղել, կախվել է: Թուրքական ակումբի նախագահ Իբրահիմ Կիզիլը հաստատել է այդ տեղեկությունը:

«Նա լավ տրամադրություն ուներ: Նրա տեսքից չէիր ասի, թե խնդիրներ ունի: Գաղափար չունեմ, թե ինչու է նա նման քայլի գնացել»,- ասել է Կիզիլը։

Ռայտորալը «Գազիանտեպսփորի» ֆուտբոլիստ է դարձել 2016 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել էր 19 հանդիպման և նույնիսկ եղել է ապրիլի 21-ին «Կոնյասփորի» հետ հանդիպման հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել:

Մինչ այդ, Ռայտորալը 7 տարի անցկացրել է Պլզենի «Վիկտորիայի» կազմում, որի հետ 2 անգամ Չեխիայի չեմպիոն է դարձել: 2014 թվականին վարձակալությամբ հանդես է եկել գերմանական «Հանովերում»:

Ֆրանտիշեկը 14 խաղ անցկացրել էր Չեխիայի հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում