Ռամոս. Իմ ծափահարություններն ուղղված էին Պիկեին

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Պրիմերայի 33-րդ տուրում «Բարսելոնայի» հետ հանդիպման (2:3) ժամանակ կարմիր քարտ է ստացել Լիոնել Մեսսիի նկատմամբ կոպիտ սահանկման համար: Իսպանացին մեկնաբանել է իր հեռացումը:

«Այդ դրվագում ես գնդակից ուշանում էի, բայց մրցակցին վնասվածք հասցնելու մտադրություն չունեի: Կարծում եմ` դա դեղին քարտ էր: Հեռացումը չափազանցված էր:

Խաղադաշտը լքելու ժամանակ իմ ծափահարություններն ուղղված էին Պիկեին, այլ ոչ թե մրցավարին: «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն անընդհատ խոսում են մրցավարությունից, ինչը վերջում արդյունք է տալիս»,- մադրիդցիների ավագի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:

Միաժամանակ նշվում է, որ հանդիպման մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը Ռամոսի հեգնական ծափահարությունները չի ընդգրկել խաղի արձանագրության մեջ:

Ավելի վաղ, նմանատիպ վարքի համար կատալոնացիների հարձակվող Նեյմարը որակազրկվել է 3 խաղով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում