«Ռոման» շանս չտվեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» հյուրընկալվել է «Պեսկարային» ու 4:1 հաշվով հաղթանակ տոնել:

Հռոմեացիներն առավելության հասնելու համար նվազագույն ջանքեր են գործադրել: Առաջին կեսի վերջին 2 րոպեի ընթացքում մեկական անգամ աչքի են ընկել Կևին Ստրոտմանն ու Ռաջա Նաինգոլանը, իսկ երկրորդ կեսի սկզբում դուբլ է ձևակերպել Մոհամեդ Սալահը: Նշենք, որ 3 գոլային փոխանցում իր ակտիվում գրանցել է Ստեֆան Էլ-Շարավին:

Գրեթե ողջ երկրորդ խաղակեսը մրցակից կիսադաշտում անցկացրած Զդենեկ Զեմանի թիմը կարողացել է միայն մեկ պատասխան գնդակ խփել. աչքի է ընկել Ահմադ Բենալին:

«Գայլերը» վաստակել են 75 միավոր և ամրապնդվել մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում: «Ջելարոսին» 8 միավորով զիջում է առաջատար «Յուվենտուսին» ու 4 միավորով գերազանցում երրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլիին»:

«Պեսկարան» 14 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Ա Սերիա, 33-րդ տուր
«Պեսկարա» – «Ռոմա»` 1:4
Գոլերը՝ Բենալի (83) – Ստրոտման (44), Նաինգոլան (45), Սալահ (48, 60)

Հետևեք մեզ նաև Telegram-ում