Մելիք Ղուկասյան. Ծրագրում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել 4-5 ծանրորդով

Ծանրամարտի Հայաստանի մինչև 20 տարեկանների առաջնության արդյունքներով կազմավորվել են այս տարիքային խմբի տղաների և աղջիկների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն հունիսի 15-ից 23-ը Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Տղաների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանն այդ կապակցությամբ ասել է.

«Առաջնությունը ցույց տվեց, որ ծանրորդները մարզվում են: Արդյունքներն այնքան էլ բարձր չէին, սակայն մոտ էին նորմալ համարվելուն: Ուրախալի է, որ մասնակիցների քանակն է ավելացել: Այժմ ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում նախ՝ Ուկրաինայում, ապա՝ Աբովյանում եւ Ծաղկաձորում: Հավաքներին հրավիրվելու է ութ ծանրորդ, որոնցից էլ կընտրվեն նրանք, ովքեր կմեկնեն Ճապոնիա: Ծրագրում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել 4-5 ծանրորդով», – մարզչի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մելիք Ղուկասյանը նշել է, որ աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը հիմնականում հայտնի է՝ Սիմոն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան: Բայց նաև հավելե է, որ եթե հավաքների ժամանակ այլ մարզիկներ էլ համապատասխան կիլոգրամներ բարձրացնեն, հնարավոր է՝ թիմի կազմն ընդլայնվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում