Արտաշես Մադոյան. Սուսերամարտիկների ելույթներից գոհ չեմ

Հայ սուսերամարտիկներն օրեր առաջ Բելառուսում մասնակցեցին մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը, իսկ Էմմա Պողոսովան (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր) պարտվեցին լավագույն 32-ի համար պայքարում:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում անհաջող ելույթների վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Մեր մարզիկները շատ ուժեղ խմբերում էին հայտնվել: Մինչև Եվրոպայի առաջնությունը մյուս սուսերամարտիկները մասնակցել էին այդ տարիքային խմբի Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերին, որտեղ միավորներ էին ձեռք բերել, իսկ մերոնք` ոչ: Այդ պատճառով վիճակահանությունը նրանց ուժեղների դեմ էր դուրս բերել: Ամեն դեպքում մեր սուսերամարտիկների ելույթներից գոհ չեմ: Ավելին էի ակնկալում:

Երիտասարդների աշխարհի առաջնությունից հետո մենք չէինք հասցրել որևէ մրցաշարի մասնակցել կամ հավաք անցկացնել: Տեղում մարզումներից հետո միանգամից գնացինք Եվրոպայի առաջնություն: Դա էլ իր ազդեցությունն ունեցավ»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Արտաշես Մադոյանը նաև տեղեկացրել է, որ 2018 թվականի  Մ-23 տարեկանների աշխարհամասի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում