Որտե՞ղ են հիմա «Ոսկե տղաները»
Նմանատիպ
2003 թվականից ֆուտբոլային աշխարհում ավելացել է անհատական մրցանակների թիվը: «Golden Boy» մրցանակը շնորհվում է ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին: Քանի դեռ նոր հերոսի անունն անհայտ է, եկեք հայացք գցենք անցյալին ու տեսնենք, թե նախորդ տարիներին մրցանակը ստացած ֆուտբոլիստները որտեղ են հիմա:
2003թ. Ռաֆայել վան դեր Վարտ (Հոլանդիա. «Այաքս»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Հոլանդացի ֆուտբոլիստն «Այաքսում» ցուցադրած հիանալի խաղի համար է մրցանակին արժանացել: «Golden Boy»-ին 20 տարեկանում արժանանալու ժամանակ նա արդեն հասցրել էր ծնկի երկու վիրահատության ենթարկվել, ապա դաշտ վերադառնալ ու կատարելագործվել։
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Այդ պահից ծաղկել է վան դեր Վարտի կարիերան: Նա հիանալի ելույթներ է ունեցել «Համբուրգում», «Ռեալում», «Տոտենհեմում», նորից «Համբուրգում», ապա «Ռեալ Բետիսում»:
Ի՞նչ է անում հիմա
Ռաֆայելը 34 տարեկան է և խաղում է Դանիայի առաջնությունում: Հոլանդացին հանդես է գալիս «Միդտյուլանում»:
2004թ. Ուեյն Ռունի (Անգլիա և « Էվերթոն»/«Մանչեսթեր Յունայթեդ»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
«Էվերթոնի», ապա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ելույթների, ինչպես նաև 2004 թվականի Եվրոպայի առաջնության գոլերի համար:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Ուեյնը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը, ակումբի և Անգլիայի ընտրանու պատմության լավագույն ռմբարկուն:
Ի՞նչ է անում հիմա
31-ամյա Ռունին շարունակում է խաղալ մանչեսթերյան ակումբում, թեև Ժոզե Մոուրինյուն այնքան էլ չի վստահում նրան: Շատ հավանական է, որ ամռանը Ռունին այլ ակումբ կտեղափոխվի:
2005թ. Լեոնել Մեսսի (Արգենտինա և «Բարսելոնա»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Եթե «Golden Boy» մրցանակը հանձնելուց առաջ ֆուտբոլիստների մասին որևէ բան ասեին, ապա Մեսսիի մասին հետևյալը կհնչեր. «Լավագույն հեռանկարի և լավագույն ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվելու պատրաստվածության համար»: Մրցանակին արժանանալու պահին Մեսսին թիմի հիմնական կազմում չէր, բայց պարզ էր, որ նա մեծ ֆուտբոլիստ էր դառնալու:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Յուրահատուկ ոչինչ… Մեսսին 5 «Ոսկե գնդակ» է ստացել ու բազմաթիվ գավաթներ նվաճել «Բարսելոնայի» հետ: Հավաքականում ոչ մի հաջողություն դեռևս չունի:
Ի՞նչ է անում հիմա
Հայտնի չէ, թե որտեղ է 🙂
2006թ. Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա և «Արսենալ»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
19-ամյա կիսապաշտպանը հեշտությամբ կազմակերպում էր «Արսենալի» խաղն այնպես, ասես ոչ թե երեկվա դպրոցական էր, այլ կայացած վարպետ: 17 տարեկանից թիմի հիմնական կազմում էր ու կարելի է ասել, որ մրցանակը ստանալու պահին արդեն կայացած ֆուտբոլիստ էր:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Ֆաբրեգասը «Բարսելոնա» տեղափոխվեց ու սկսեց տիտղոսներ նվաճել: Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Աշխարհի ու Եվրոպայի երկակի չեմպիոն: 2014-ին վերադարձավ Անգլիա ու հիմա ուժերը «Չելսիում» է կենտրոնացրել:
Ի՞նչ է անում հիմա
Պատրաստվում է կարիերայում երկրորդ անգամ Անգլիայի չեմպիոն դառնալ:
2007թ. Սերխիո Ագուերո (Արգենտինա և «Ատլետիկո»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
19 տարեկանում արդյունավետ խաղացել է «Ատլետիկոյի» կազմում, պարբերաբար հանդես եկել Արգենտինայի հավաքականում:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
«Ատլետիկոյի» հետ հաղթել է Եվրոպա լիգան և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Դրանից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Անգլիայի երկակի չեմպիոն է դարձել և համարվում է ԱՊԼ-ի ամենաարդյունավետ հարձակվողներից մեկը:
Ի՞նչ է անում հիմա
Չնայած որոշ ժամանակ տեղը զիջեց Գաբրիել Ժեզուշին՝ հիմա կրկին կանոնավոր խաղում է և փորձում կասկածի տակ չդնել իր վարպետությունը։
2008թ. Անդերսոն (Բրազիլիա և «Մանչեսթեր Յունայթեդ»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
«Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմի խաղացող էր ու հաղթել է Չեմպիոնների լիգայում, վաստակել անձամբ սըր Ալեքս Ֆերգյուսոնի վստահությունը:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Փորձել է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարևոր խաղացող, բայց անկախ 180 խաղից, չի արդարացրել սպասելիքները: Անհաջողությամբ է ավարտել «Ֆիորենտինայում» վարձավճարի դիմաց ելույթները և վերադարձել հայրենիք:
Ի՞նչ է անում հիմա
Մի քանի տարի «Ինտերնասիոնալեում» խաղալուց հետո տեղափոխվել է «Կորբիտիբա»:
2009թ. Ալեշանդրե Պատո (Բրազիլիա և «Միլան»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Կարճ՝ փայլել է «Միլանի» կազմում:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Լքել է «Միլանը» և ռմբարկուական ձիրքերը կատարելագործելու նպատակով հայրենիք վերադարձել, բայց ձախողելով վարձավճարի դիմաց «Չելսի» տեղափոխվել, ոչնչի չհասնելով` ելույթները շարունակել «Վիլյառեալում»:
Ի՞նչ է անում հիմա
Ձմռանը տեղափոխվել է Չինաստան: Հիմա 27 տարեկան է:
2010թ. Մարիո Բալոտելլի (Իտալիա և «Ինտեր»/«Մանչեսթեր Սիթի»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Ցուցադրել է լավագույն կարողությունները, «Ինտերի» հետ հաղթանակներից հետո տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Ոչինչ չտվող փորձություններ Անգլիայում և Իտալիայում:
Ի՞նչ է անում հիմա
Փորձում է վերակառուցել կարիերան և հեղինակությունը «Նիցայում»: Առաջինը գուցե տեղի ունենա, երկրորդը ֆանտաստիկայի ժանրից է:
2011թ. Մարիո Գյոտցե. (Գերմանիա և «Բորուսսիա» Դորտմունդ)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Նա Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի կարևորագույն խաղացողներից էր: Մրցանակ նրան Բունդեսլիգայի հաղթանակն ու Գերմանիայի հավաքականում խփած գոլերն են շնորհել:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Գյոտցեն Աշխարհի չեմպիոն է դարձել, արգենտինացիների դեմ խաղի հաղթական գոլը խփել, տեղափոխվել «Բավարիա» և հետ վերադարձել Դորտմունդ:
Ի՞նչ է անում հիմա
«Բորուսսիայի» կազմում է, կազդուրվում է նյութափոխանակության խանգարումներից։
2012թ. Իսկո (Իսպանիա և «Մալագա»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
«Մալագայում» խելացի ու լավ խաղի համար:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Տեղափոխվել է «Ռեալ», որի հետ 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։
Ի՞նչ է անում հիմա
«Ռեալում» է, ցանկանում է ավելի շատ խաղալ, առաջնորդ լինել: Գործող պայմանագիրն ուժը կկորցնի 2018-ին, բայց մադրիդյան ակումբում հույս ունեն, որ ֆուտբոլիստը կհամաձայնի ավելի երկար մնալ:
2013թ. Պոլ Պոգբա (Ֆրանսիա և «Յուվենտուս»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Թուրինում գրանցած առաջընթացի համար:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
«Յուվենտուսի» հետ մի քանի անգամ հաղթել է ներքին առաջնությունում, պարտվել 2 կարևոր եզրափակչում՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի առաջնության: Անցյալ ամառ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ու դարձել պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:
Ի՞նչ է անում հիմա
Փորձում է արդարացնել սպասելիքները, բայց նա հրաշագործ չէ:
2014թ. Ռահիմ Սթերլինգ (Անգլիա և «Լիվերպուլ»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
Քամու արագությամբ մեծ ֆուտբոլում հայտնվելու և «Լիվերպուլի» գրոհող ուժերից մեկ դառնալու համար։
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Մեծ գումարի դիմաց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց և դարձավ Անգլիայի հավաքականի ամենաքննադատվող խաղացողներից մեկը:
Ի՞նչ է անում հիմա
«Մանչեսթեր Սիթիում» կատարում է Գվարդիոլայի պահանջները: 22 տարեկան է:
2015թ. Անտոնի Մարսյալ (Ֆրանսիա և «Մանչեսթեր Յունայթեդ»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
«Մոնակոյում» գրանցած առաջընթացի, ապա ներկայիս ակումբ տեղափոխվելու համար։
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Վառ մեկնարկ նոր թիմում:
Ի՞նչ է անում հիմա
Ժոզե Մուրինյուի օրոք հարձակման գծի ֆուտբոլիստներն ավելի քիչ խաղաժամանակ են ստանում, քան կցանկանային: Նա դեռ Մանչեսթերում է, բայց պետք է շարունակի մտածել կարիերայի մասին:
2016թ. Ռենատու Սանշեշ (Պորտուգալիա և «Բենֆիկա»/«Բավարիա»)
Ինչի՞ համար է մրցանակ ստացել
«Բենֆիկայի» կազմում դիտարժան խաղի, Եվրո-2016-ի հաղթանակի ու «Բավարիա» տեղափոխվելու համար:
Ի՞նչ է տեղի ունեցել դրանից հետո
Պայքարում է «Բավարիայի» կազմում դաշտ դուրս գալու համար։ Դեռ լիովին չի հասել նպատակին:
Ի՞նչ է անում հիմա
Սպասում է Խաբի Ալոնսոյի կարիերայի ավարտին և հույս ունի, որ դրանից հետո կդառնա «Բավարիայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում