Արամ Ոսկանյան. Մեր ֆուտբոլիստներն ավելի միամիտ են, քան «Փյունիկի» խաղացողները

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղից հետո (0:1, առաջինում` 1:2) մանրամասն ներկայացրեց պարտության պատճառները և թիմի հետագա անելիքները:

«Շնորհավորում եմ «Փյունիկին» եզրափակիչ մտնելու կապակցությամբ: Սա տիպիկ գավաթային խաղ էր: Խաղավերջում մնացինք 10 ֆուտբոլիստով, սակայն տպավորություն կար, որ խաղացողներն ավելի աշխույժ էին գործում: Մեծ լարվածությունն ու ցանկությունը երևի ինչ-որ չափով տղաներին խանգարեց, իսկ խաղավերջում ամբողջ թիմով առաջ նետվեցինք ու այդ ժամանակ կաշկանդվածությունն անցավ: Դժգոհ ենք, որ Եվրոպա «դուրս չեկանք», սակայն կյանքում լինում է ժամանակահտաված, երբ մեկ քայլ հետ ես անում, որ հետո երեք քայլ առաջ կատարես: Հասկանում եմ, որ ակումբի ղեկավարությունը ջանք չէր խնայել, որ եվրագավաթներում հայտնվեինք, սակայն հետագայի համար սա կարող է ավելի լավ լինել: Ժամանակը ցույց կտա»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ոսկանյանը։

«Բանանցն» այլևս մարզական տեսանկյունից որևէ խնդիր չի հետապնդում: Sport.Times.am-ը 41-ամյա մասնագետին հարցրեց, թե նման պարագայում ինչպես են տրամադրվելու մրցաշրջանի վերջին հանդիպումներին:

«Սա շատ կարևոր շրջան է այն ֆուտբոլիստների համար, ովքեր հիմա թիմում են: Չեմ թաքցնում, որ ամռանը «Բանանցում» նոր ֆուտբոլիստներ են լինելու. ինչպես լեգիոներներ, այնպես էլ տեղացիներ: Ներկայիս խաղացողների համար իրենց դրսևորելու լավ հարավորություն է, որպեսզի հասկանանք, թե ում հետ ենք շարունակելու համագործակցությունը: Հաջորդ 6 հանդիպումներում բոլորին էլ շանսեր տալու եմ»,- ասաց մարզիչը։

«Բանանցի» նախկին մարզիչ Արթուր Ոսկանյանը նշում էր, որ Նենադ Ինյացին ժամանակ է հարկավոր, որպեսզի նա հարմարվի թիմին ու նրա խաղին: Ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե արդյո՞ք սերբի ադապտացիան կարելի է կայացած համարել:

«Նախորդ հանդիպումներում նա գոլեր խփեց: «Գանձասար-Կապանի» հետ 3 օր առաջ կայացած մրցավեճը (0:0) մեր թիմում բոլորից շատ հենց Նենադի վրա ազդեց: Նա դեռ ֆուտբոլային տարիքում է` 31 տարեկան, սակայն վերականգնման հետ խնդիրներ եղան, ինչի հետևանքով նրա մոտ խոտանը մեծ էր: Նրա պես հարձակվողներին հարկավոր է գնդակներով շատ մատակարարել եզրերից: Մենք եզրերում լավ չենք գործում, կրեատիվ չենք: Ինյացն այնպիսի ֆուտբոլիստ չէ, ով 4-5 պաշտպանի շրջանցի, նա գրոհը եզրափակող խաղացող է: Եթե նա այդ գրոհները չեզրափակի, դա այլ խոսակցություն է, սակայն այս պահի դրությամբ նա համապատասպան փոխանցումներ չի ստանում, ուստի չենք կարող դժգոհել նրանից: Ամեն դեպքում լեգիոներ է և պետք է տարբերվի տեղացիներից, արդյունավետ գործի: Այսօր մրցակիցը մեծ ճնշում էր գործադրում հատուկ նրա վրա»:

Հանդիպման երկրորդ խաղակեսում «Փյունիկի» դարպասապահը ստիպված էր արևի ուղղությամբ խաղալ, ինչի հետևանքով անընդհատ խնդիրներ ուներ հասարակ փոխանցումները որսալու հարցում: Նման պարագայում անհասկանալի էր, թե ինչու «Բանանցի» ֆուտբոլիստները հեռահար հարվածների չէին դիմում, ինչի մասին Sport.Times.am-ը հարցրեց Արամ Ոսկանյանին։

«Որովհետև մեր խաղացողներն ավելի միամիտ են, քան «Փյունիկի» ֆուտբոլիստները: Վերջիններս բոլոր դրվագներում ավելի արագ են կողմնորոշվում: Պետք է ավելի խորամանկ լինել, դա պակասում է մեր ֆուտբոլիստներին: Դրվագներ եղան, երբ գնդակը դաշտի սահմաններից դուրս էր գալիս, «Փյունիկի» ֆուտբոլիստն այն կրկին դեպի ներս էր ուղարկում, որպեսզի մինչև եզրային նետումը հասցնի հետ նահանջել: Դրանք ֆուտբոլային խորամանկություններ են, որոնք մեզ պակասում է: Բոլոր «չեզոք» գնդակները մրցակցին էին հասնում: Այսօրվա դրությամբ «Բանանցի» գլխավոր խնդիրը որակյալ կերպով գնդակը խլելն է»,- պատասխանեց Ոսկանյանը։

Արամ Բարեղամյանը «Գանձասարի» հետ նախորդ մրցավեճում վնասվածք է ստացել և այսօր հայտացուցակում չէր: Նրա վերականգնման ժամկետների մասին մարզիչն ասաց․

«Արամի վերականգնման համար կպահանջվի 2-3 շաբաթ»:

Այսօր եղավ մի քանի դրվագ, երբ «Բանանցի» դարպասապահ Արամ Հայրապետյանը, տիրելով գնդակին, մոտ 10-15 վայրկյան չէր հասկանում՝ այն ում փոխանցի: Sport.Times.am-ը Ոսկանյանին հարցրեց, թե արդյոք դա մրցակցի պրեսինգի հետ էր կապված:

«Ոչ այնքան մրցակցի պրեսինգի: Հավանաբար նկատի ունեք առաջին կեսում տեղի ունեցած դրվագները: Խնդիր կար քամու հետ, Հայրապետյանը մի քանի սխալ փոխանցումներ կատարեց, ինչից հետո փորձում էր անսխալ գործել և ճիշտ հասցեատեր էր փնտրում: Մնացած դեպքերում հիմնականում փոխանցումներով էինք պաշտպանությունից «դուրս գալիս»: «Փյունիկի» համար հեշտ էր, որովհետև նախաձեռնողի դերում պետք է մենք լինեինք: Հաշիվը դա էր թելադրում»,- խոսքը եզրափակեց Արամ Ոսկանյանը։

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում