Պաշտոնական. «Այաքսի» մարզադաշտը կստանա Յոհան Կրուիֆի անունը

«Այաքսի» «Ամստերդամ Արենա» մարզադաշտը կանվանափոխվի,- հայտում է հոլանդացիների պաշտոնական կայքը:

Այդ ակումբի ու Ամստերդամի ղեկավարները պայմանավորվածության են հասել մարզադաշտը Յոհան Կրուիֆի անվամբ դարձնելու հարցում: «Այաքսի» նախկին հարձակվողն ու մարզիչը մահացել է 2016 թվականի մարտին: «Թռչող հոլանդացու» անունն է ստանալու նաև Հոլանդիայի մայրաքաղաքի որևէ փողոց, հրապարակ, կամուրջ կամ այլ կառույց:

Յոհանը «Այաքսում» է հանդես եկել 1964-73 ու 1981-83 թվականներին: Նա ամստերդամցիներին մարզել է 1986-88 թվականներին: Հոլանդիայի հավաքականի կազմում լեգենդար ֆուտբոլիստը 48 հանդիպում է անցկացրել և 33 գոլ խփել:

Կրուիֆը համարվում է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա երեք անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին:

«Այաքսի» մարզադաշտի վերանվանման մասին հայտարարությունը կատարվել է ապրիլի 25-ին, «թռչող հոլանդացու» ծննդյան 70-ամյակի օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում