Տեբաս. Որպես «Ռեալի» երկրպագու` ուրախ չեմ Մեսսիի գոլից, բայց նա պատմության լավագույնն է

Իսպանական Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը կարծիք է հայտնել Էլ Կլասիկոյի, «Ռեալի» ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստերի կոնֆլիկտների ու տեսակրկնությունների շուրջ: Իսպանացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

«Կլասիկոյում» Մեսսիի հաղթական գոլի մասին.

«Որպես «մադրիդիստա» («Ռեալի» երկրպագու-խմբ.) ուրախ չէի այդ գոլից հետո, սակայն նշեմ, որ Մեսսիին համարում եմ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Նրա կատարմամբ ավելի լավ խաղեր եմ տեսել»:

Սերխիո Ռամոսի ու Ժերար Պիկեի թշնամանքի մասին.

«Նրանց մրցակցությունը ֆուտբոլի մի մասն է: Լարվածություն է ստեղծվում, զարկերակներն արագ են խփում, երկուսն էլ ցանկանում են իրենց ակումբները պաշտպանել: Երբ Իսպանիայի հավաքականում նրանք հանդիպում են, մոռանում են այդ մասին: Պիկեն սոցիալական ցանցերում ավելի ընկերական է, սակայն դա ավելի բացասական հետևանք է ունենում: Ռամոսն ավելի կրքոտ ու սենտիմենտալ է: Նրանք երկուսն էլ ինձ դուր են գալիս»:

Տեսակրկնությունների մասին․

«Տեսակրկնությունների ներգործման կապակցությամբ առաջխաղացում դեռ չկա: Եթե մոտ ապագայում չսկսենք օգտագործել այդ համակարգը, անփույթ տեսք կունենանք, որովհետև ամբողջ աշխարհն արդեն հասցրել է փորձարկել տեսակրկնութունները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում