Վնասվածքները, զայրույթը, վատ մարզավիճակն ու Բեյլի մյուս թշնամիները

2013-ին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Գարեթ Բեյլը հազվադեպ է անհանգստացել հիմնական կազմում իր տեղի համար, բայց արի ու տես, որ 2017-ին Զինեդին Զիդանը Կլասիկոյին ժամանակ 27-ամյա աստղին պահեստայինների նստարանին թողնելու պատճառներ շատ ուներ:

Կարող է կարծիք լինել, թե «Ռեալը» հաղթանակի ավելի մեծ հնարավորություն կունենար, եթե Բեյլը չխաղար: Հատկապես, եթե հիշենք նախորդած հանդիպումները։ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ առաջին խաղում ուելսցին վնասվածք ստացավ, ինչն էլ նրա խաղընկեր-մրցակիցներին թույլ տվեց առաջնագիծ դուրս գալ։ Իսպանիայի առաջնությունում «Սպորտինգի» դեմ հանդիպմանն Իսկոն հիասքանչ խաղաց ու 3:2 հաշվի հիմնական կերտողը դարձավ: «Բավարիայի» դեմ 1/4 եզրափակչի պատասխան խաղից առաջ ամբողջ մարզադաշտը հենց Իսկոյի անունն էր վանկարկում, բայց այդ օրվա աստղերի թվում արդեն Մարկո Ասենսիոն էր․․․

Աչք ծակող պահեստային նստարան

Դժվար է տաղանդների լավագույն պահեստով թիմ գտնել: Բեյլը հիմնական կազմում է, իսկ պահեստայինների նստարանին վառ տաղանդների մի ամբողջ բանակ է՝ Իսկո, Ասենսիո, Խամես Ռոդրիգես, Լուկաս Վասկես, Ալվարո Մորատա: Նման ֆուտբոլիստներն իրենց նկատմամբ հետաքրքրություն չառաջացնել չեն կարող, և իսպանական մամուլը հաճախ հայտարարում է, որ նրանք ավելի հաճախ պետք է խաղան, քան Գարեթը։ 

Սակայն «Ռեալի» հիմնական կազմում ընդգրկվելն ընդհանրապես հեշտ խնդիր չէ: Ռոնալդուն անփոխարինելի է, իսկ Բեյլը բոլոր դեպքերում նախագահ Ֆլորենտինո Պերեսի սիրելին է: Երբ Ռաֆայել Բենիտեսը մադրիդյան ակումբ եկավ, Բեյլը տեղ ստացավ 4-2-3-1 դասավորությունում, բայց Զինեդին Զիդանը նրան աջ եզր վերադարձրեց: Ֆրանսիացին նախընտրեց 4-3-3 տարբերակը ու խոստացավ՝ BBC-ն՝ Բեյլ, Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու եռյակը միշտ է դաշտում լինելու: Խոստացավ ու կատարում է խոստումը, այլ հարց է այն, որ այդ եռյակը նախկին տեսքն ու արդյունավետությունը չունի։

Սառնասրտության կորուստ

Անցյալ մրցաշրջանի այս հատվածում Բեյլն ուղղակի հիասքանչ էր. նա մի քանի կարևոր գնդակ խփեց, որոնք «Ռեալին» օգնեցին հաղթել վերջին 12 խաղում և շարունակել ճնշել «Բարսելոնային», որն արդյունքում 1 միավորի տարբերությամբ չեմպիոն դարձավ: Չնայած վնասվածքներին՝ Բեյլն իր ակտիվում 19 գոլ և արդյունավետ 10 փոխանցում գրանցեց 23 խաղի ընթացքում։ Ինչ խոսք՝ տպավորիչ ցուցանիշ է:

Ընթացիկ մրցաշրջանի սկզբում ոչինչ դժբախտություն չէր գուշակում: Նոյեմբերի կեսի դրությամբ Բեյլը 11 խաղում 5 գոլ էլ խփել, ապա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Սպորտինգի» դեմ խաղում ուելսեցին վնասվածք ստացավ ու բաց թողեց 3 ամիս: Դրանից հետո թվաց, թե հերթական հիանալի վերադարձը կլինի, քանի որ «Էսպանյոլի» հետ խաղում Գարեթը գոլ խփեց, բայց տեղի ունեցավ հակառակտ՝ սկսվեց անհաջողության փուլը.․․ 8 խաղում ընդամենը 1 գնդակ ու ոչ մի արդյունավետ փոխանցում: Սա իսկապես վատ է նման ֆուտբոլիստի համար:

Իսկ «Լաս Պալմասի» դեմ խաղում ինքնատիրապետման անսպասելի կորուստը Բեյլին 2 քարտ բերեց: Արդյունքում նա լքեց դաշտը։ Դա նրա առաջին կարմիրն էր 2008 թվականի հոկտեմբերից հետո:

Լավ փոխարինողներ

Այդ պահից հետո Բեյլը 388 րոպե խաղացել է առանց գնդակ խփելու: «Ատլետիկոյին» չի սպառնացել ու փոխարինվել է «Բավարիայի» դեմ խաղում: Հիասթափության ֆոնի վրա առաջնագծում Իսկոն հայտնվեց: Լրագրողները Զիդանին հանգիստ չէին տալիս՝ վստահ լինելով, որ իսպանացին արժանի է հիմնական կազմում խաղալ: Մադրիդյան «AS» պարբերականը հարցում էր անցկացրել ընթերցողների շրջանում, թե Բեյլի առողջանալուց հետո ո՞վ պետք է հիմնական կազմում խաղա ու պարզել էր, որ երկրպագուների մեծ մասն ընտրել է Իսկո, Բենզեմա, Ռոնալդու եռյակը:

Իսկոն փոխարինեց Բեյլին ու արժանի խաղ ցույց տվեց, իսկ հետո բոլորից վառ Ասենսիոն փայլեց ու հիշեցրեց, թե ինչու է երկրի գլխավոր տաղանդը համարվում: Իսկոն այս մրցաշրջանում այդքան էլ հաճախ չի խաղացել, բայց դժվար թե որևէ մեկը նրանից դժգոհ լինի. Պրիմերայի 15 խաղում՝ 9 գոլ։ Դե իսկ Ասենսիոյին ընդամենը շատ վստահել է հարկավոր։

Բարձր խաղադրույքներ

Կլասիկոյի ժամանակ Իսկոն և Ասենսիոն առաջին րոպեներից խաղալու իրական հնարավորություններ ունեին, իսկ Բեյլի դեպքում պետք չէր վստահ լինել․․․

Հասկանալի է, որ Բեյլին որևէ մեկը շարքից դուրս չի թողնում և նրա արագությունն ու օդում խաղը կարևոր զենք են մնում Զիդանի համար: Ինչպես էլ նա խաղա, մադրիդցիները նրա մեջ շարունակում են առաջատար Ռոնալդուին հաջորդողին տեսնել:

Սակայն վերոնշյալը վերաբերում է ինքնավստահ Բեյլին: Վնասվածքը խիստ անդրադարձել է նրա խաղամակարդակին ու հասկանալի չէ՝ արդյո՞ք պետք է սպասել նրա վերադարձին. խաղասեղանին այսօր չափազանց շատ բան է դրված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում