3 դուբլ և Մասկերանոյի առաջին գոլը․ «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Օսասունային» և առանց ավելորդ ջանքերի վստահ հաղթանակ տոնեց․ հանդիպումն ավարտվեց 7։1 հաշվով։

Կատալոնական թիմի կազմում դուբլեր ձևակերպեցին Լիոնել Մեսսին, Անդրե Գոմեշը և Պակո Ալկասերը, մեկ գոլ էլ խփեց Խավիեր Մասկերանոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ 32-ամյա արգենտինացու համար այս գոլն առաջինն է «Բարսելոնայի» կազմում (319 խաղում)։ «Օսասունայի» միակ գնդակը հեղինակեց Ռոբերտո Տորրեսը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 75 միավոր ունեցող «Ռեալը» 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Օսասունան» մնաց 18 միավորով՝ 20-րդ հորիզոնականում և գրեթե զրկվեց առաջնությունում տեղը պահելու հնարավորությունից։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարսելոնա» – «Օսասունա»՝ 7։1
Գոլերը՝ Մեսսի 12՛, 61՛, Գոմեշ 30՛, 57՛, Ալկասեր 64՛, 86՛, Մասկերանո 67՛ / 11-մետրանոց – Տորրես 48՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում