«Ռեալի» հաղթական այցը Լա Կորունյա․ «Դեպորտիվո» – «Ռեալ»՝ 2։6 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատարներից «Ռեալը» հյուրընկալվեց «Դեպորտիվոյին»։ Լա Կորունյայի «Ռիասոր» մարզադաշտում կայացած խաղում Զինեդին Զիդանի սաները 6։2 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին։

«Ռեալի» ֆուտբոլիստները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը և կարողացան արագ գոլեր խփել։ Առաջին իսկ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալվարո Մորատան, իսկ 14-րդ րոպեին Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը։

Երկրորդ գոլից հետո «սերուցքայինները» փոքր-ինչ գցեցին տեմպը, ինչի արդյունքում «Դեպորտիվոն» վտանգավոր պահեր ստեղծեց Կիկո Կասիլյայի պաշտպանած դարպասի մոտ։ 35-րդ րոպեին Ֆլորիան Անդոնեն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն նախքան ընդմիջում Լուկաս Վասկեսը վերականգնեց երկու գոլի առավելությունը։

Երկրորդ կեսում արձանագրվեց 4 գոլ։ Նախ Մորատայի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Խամեսը, ապա գոլի հեղինակ դարձավ հիանալի հանդիպում անցկացրած Իսկոն։ 84-րդ րոպեին Խոսելուն խփեց դաշտի տերերի երկրորդ գոլը, իսկ երեք րոպե անց փոխարինման դուրս եկած Կազեմիրոն հեռահար հարվածով ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 78 միավոր և «Բարսելոնայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը, սակայն մադրիդյան թիմը 1 հանդիպում պակաս է անցկացրել։ «Դեպորտիվոն» մնաց 31 միավորով՝ 16-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Դեպորտիվո» – «Ռեալ»՝ 2։6
Գոլերը՝ Անդոնե 35՛, Խոսելու 84՛ – Մորատա 1՛, Խամես 14՛, 66՛, Վասկես 44՛, Իսկո 77՛, Կազեմիրո 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում