Sport.es. Մատյոն հեռացվել է «Բարսելոնայի» կազմից ու տրանսֆերի հանվել

«Բարսելոնայի» պաշտպան Ժերեմի Մատյոն այլևս հանդես չի գա այդ ակումբի կազմում։ Ֆրանսիացին մինչև մրցաշրջանի ավարտը հեռացվել է հիմնական թիմի հետ մարզումներից, իսկ ամռանը տրանսֆերի է հանվելու,- հաղորդում է «Sport.es»-ը։

Կատալոնացիների մարզչական շտաբը տևական ժամանակ դժգոհ է եղել 33-ամյա ֆուտբոլիստի խաղից ու մարզումների նկատմամբ մոտեցումից: Լուիս Էնրիկեն որոշել է ֆրանսիացուց վերջնականապես հրաժարվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Յուվենտուսի» հետ առաջին խաղից հետո (0:3), որի ընդմիջման ժամանակ պաշտպանը փոխարինվել է: Մատյոյին արդեն հայտնել են, որ նրա հետ հույսեր չեն կապում:

Պաշտպանը 2014 թվականի ամռանն է «Վալենսիայից» տեղափոխվել «Բարսելոնա»: Նրա տրանսֆերի համար վճարվել է 20 միլիոն եվրո: «Կապտանռնագույնների» կազմում նա 91 հանդիպման է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում