«Շիրակը» տուգանվել է 800 հազար դրամով

Հայաստանի առաջնությունը ներկայացնող 6 ակումբներ` «Ալաշկերտը», «Շիրակը», «Փյունիկը», «Գանձասար-Կապանը», «Բանանցը» և «Արարատը» ստացել են ՈւԵՖԱ-ի արտոնագրեր, որոնց շնորհիվ իրավունք կունենան մասնակցելու 2017-18թթ․ մրցաշրջանի եվրագավաթների խաղարկություններին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Միաժամանակ նշվում է, որ «Շիրակն» այդ արտոնագիրը ստացել է պայմանականորեն՝ հաշվի առնելով ակումբի կողմից ՀՖՖ ակումբների արտոնագրման 2016 թվականի խմբագրության կանոնակարգի ֆինանսական չափանիշի խախտումները:

Հաշվի առնելով վերոնշյալ խախտումների առկայությունը՝ ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, ՀՖՖ Արտոնագրման բաժնի միջնորդությամբ, տույժի է ենթարկել գյումրեցիներին:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի նիստի արձանագրության մեջ նշված է, որ «Շիրակը» փաստաթղթային փաթեթի ներկայացման ժամկետը խախտելու համար տուգանվել է 200 հազար դրամով, իսկ հոդված 50bis-ով սահմանված դրույթները խախտելու համար տուգանվել է ևս 600 հազար դրամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում