«Ռեալը» կարևոր հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոնական կոչման հավակնորդներից «Ռեալը» հյուրընկալեց «Վալենսիային» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի միջնամասում բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ գլխով եզրափակելով Դանիել Կարվախալի հաշվենկատ փոխանցումը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռոնալդուն դուբլ ձևակերպելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը։ 

«Սերուցքայինների» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 82-րդ րոպեն, երբ Դանի Պարեխոն տուգանայինից հիանալի հարվածով վերականգնեց հավասարությունը։ Բաց թողած գոլից հետո Զինեդին Զիդանի սաները, ովքեր ամբողջ հանդիպման ընթացքում ցածր տեմպով էին գրոհում, անմիջապես առաջ նետվեցին և կարողացան արագ երկրորդ գոլը խփել․ 86-րդ րոպեին հիանալի խաղով աչքի ընկավ և իր թիմին կարևոր հաղթանակ պարգևեց Մարսելոն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային», որն այսօր խաղալու է «Էսպանյոլի» հետ, գերազանցում է 3 միավորով։ «Վալենսիան» մնաց 40 միավորով՝ 12-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռեալ» – «Վալենսիա»՝ 2։1
Գոլերը՝ Ռոնալդու 27՛, Մարսելո 86՛ – Պարեխո 82՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Ռոնալդու 57′

Հետևեք մեզ նաև Telegram-ում