Բուֆֆոն․ Մբապեն դեռ չէր ծնվել, երբ ես մասնակցում էի աշխարհի առաջնությանը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի մրցակից «Մոնակոյին» և վերջինիս հարձակվող Կիլիան Մբապեին։

-Գաղտնիք բացեմ․ «Մոնակոյի»՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ արտագնա հանդիպման մեկնարկից 30 րոպե հետո մեր տնօրենին հաղորդագրություն եմ ուղարկել․ «Այս թիմը կարող է հասնել եզրափակիչ։ Նրանք հիանալի են խաղում»։ Մենք շատ են հարգում մրցակցին։ «Մոնակոն» հենց այնպես չի հասել կիսաեզրափակիչ։

Ինչ վերաբերվում է Մբապեին՝ նա 1998 թվականին է ծնվել, այդպես չէ՞։ Նախքան նրա ծնվելը, ես Ֆրանսիայում մասնակցել եմ աշխարհի առաջնությանը․․․ Կյանքը նման դեպքերով է հետաքրքիր։ Երբեմն խաղում ես այնպիսի տղաների դեմ, ովքեր դեռ չէին ծնվել, իսկ դու արդեն կարիերայիդ մի մասն անցկացրել էիր,- ասել է 39-ամյա Բուֆֆոնը։

Հավելենք, որ Կիլիան Մբապեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 20-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում