Հարված չեմպիոնական հույսերին․ «Պարի Սեն Ժերմենը» պարտվեց «Նիցային» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում «Նիցան» հաղթեց «Պարի Սեն Ժերմենին»․ «Ալյանց Ռիվյերա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

Հաշիվը 26-րդ րոպեին բացեց Մարիո Բալոտելին, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկում Ռիկարդու Պերեյրան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։ 64-րդ րոպեին Մարկինյոսը կրճատեց տարբերությունը, սակայն վերջին խոսքը «Նիցայինն» էր․ ավելացրած ժամանակում վերջնական հաշիվը ձևակերպեց Անաստասիոս Դոնիսը։

Փարիզյան թիմը խաղն ավարտեց 9 հոգով․ կարմիր քարտեր ստացան Տյագո Մոտան և Անխել դի Մարիան։

Այս հաղթանակից հետո «Նիցան» ունի 77 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը։ «Պարի Սեն Ժերմենը» 80 միավորով երկրորդն է, իսկ առաջատար «Մոնակոն», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 83 միավոր։

Հավելենք, որ «Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի առաջնությունում վերջին անգամ պարտվել էր դեկտեմբերի 17-ին՝ 1։2 հաշվով զիջելով «Գենգամին»։

Ֆրանսիայի առաջնություն, 35-րդ տուր

«Նիցա» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 3։1
Գոլերը՝ Բալոտելի 26՛, Ռիկարդու 48՛, Դոնիս 90+2՛ – Մարկինյոս 64՛
Հեռացումներ՝ Մոտա 90՛, դի Մարիա 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում