Ոսկանյան. Փորձը ցույց տվեց, որ միաժամանակ մեծ թվով երիտասարդներ չեն կարող լավ խաղալ

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 25-րդ տուրի՝ «Փյունիկի» դեմ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում երևանցիների պաշտոնական կայքը:

– Չնայած նրան, որ գոլեր չգրանցվեցին, հետաքրքիր խաղ ստացվեց՝ հատկապես հանդիսատեսի համար: Ունեցանք պահ, որը պետք էր իրացնել: Մեծ թվով փոփոխություններ էինք կատարել կազմում, քանի որ ինչպես նախկինում նշել եմ, ցանկանում ենք տեսնել մեր ունեցած ֆուտբոլիստների պոտենցիալը: Մյուս խաղին նույնպես նոր մարդիկ կտեսնենք:

– Արդեն առաջնության չորրորդ խաղն է, որ «Բանանցը» գոլ չի խփում: Հարձակվողները փոխվում են՝ այս անգամ բացակայում էր Նենադ Ինյացը, բայց արդյունավետությունը չի լավանում: Ինչո՞վ կբացատրեք դա:

– Այսօր կային պահեր, Հայկ Ոսկանյանը, Վահագն Այվազյանը, Լայոնել Ադամսը ունեին գոլային հնարավորություններ: Ամենառեալը Հայկի գոլային հնարավորությունն էր, որը նա չիրացրեց: Կարծում եմ՝ խնդիրը վարպետության մեջ է, ինչը ժամանակի ընթացքում կգա: Զգացնել տվեց այն, որ երկար ժամանակ չի խաղացել: Մեկ-երկու տարի առաջ նա նման դիրքերից չէր վրիպում: Համենայն դեպս, լավ աշխատանք կատարեց: Գոլ չխփելու պատճառն այն է, որ վատ ենք գնդակ մատակարարում: Սա նույնպես վարպետության պակասի հետևանք է: Քիչ են սուր փոխանցումները:

– Թիմում շատ են երիտասարդները: Ըստ Ձեզ փորձառու ֆուտբոլիստները, օրինակ՝ Այվազյանն ու Գյոզալյանը, կարողանու՞մ են նրանց տանել իրենց հետևից:

– Իրենք ավելին կարող են: Ճիշտ է, նրանք 10-րդ օրում 3-րդ խաղն են անցկացնում և զգացնել է տալիս ֆունկցիոնալ վիճակը: Չեմ ուզում որևէ մեկին մեղադրել նախապատրաստական շրջանի համար, սակայն խիտ գրաֆիկի պարագայում ֆուտբոլիստները չեն կարողանում իրենց թարմ դրսևորել: Դրա համար էլ փոխարինվեց Այվազյանը, ցանկանում էինք փոխարինել նաև Գյոզալյանին, սակայն նրան թողեցինք խաղադաշտում՝ մտածելով, որ փորձի հաշվին կարող է ինչ-որ բան ստեղծել:

Ճիշտ նշեցիք, որ այդ կարգի ֆուտբոլիստները պետք է թիմը տանեն իրենց ետևից: Մեր թիմի փորձը ցույց տվեց, որ մեծ թվով երիտասարդներ միաժամանակ չեն կարող լավ հանդես գալ: Օրինակ, ես ներսից գիտեմ «Ալաշկերտը»: Միջին տարիքի հայ ֆուտբոլիստներ և երեք-չորս որակյալ լեգեոներներ են այնտեղ խաղում: Չեն կարող լինել մեծ թվով լեգեոներներ և երիտասարդներ, ինչպես եղել է մեր թիմում: Մեր առաջնությունում շատ կարևոր են միջին տարիքի հայ ֆուտբոլիստները:

Նույնը նաև «Գանձասարում» է: Մի քանի տարի միմյանց հետ խաղացող հայ ֆուտբոլիստների կորիզին ավելացնում են կետային սելեկցիայով ընտրված լեգեոներներ ու ստանում են արդյունք. այսօր պայքարում են առաջին և երկրորդ տեղերի համար: Մենք նույնպես պետք է ձգտենք դրան: Թիմում պետք է լինեն միջին տարիքի ֆուտբոլիստներ, որոնք թիմին կտանեն իրենց հետևից՝ այսինքն լիդերներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում