Ըմբշամարտ. Մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Սերբական Նովի Սադ քաղաքում մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մայիսի 2-6-ը ազատ և հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կպայքարեն հին աշխարհամասի ուժեղագույնի կոչման համար։

Առաջինը պայքարի մեջ կմտնեն ազատոճայինները։ Արմեն Մկրտչյանի համար սա առաջին Եվրոպայի առաջնությունն է՝ որպես ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին Սերբիա է մեկնել ամբողջական կազմով՝ Գարիկ Բարսեղյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (61 կգ),Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Գերոգի Կետոև (97 կգ) և Լևան Բերիանիձե (125 կգ)։

Այսօր պայքարի մեջ կմտնեն 57 կգ և 86 կգ քաշային ըմբիշները։ 57 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն 16 մարզիկներ, ովքեր պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից։ Գարիկ Բարսեղյանի առաջին մրցակիցը Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Սուլեյման Աթլին է։

86 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար պայքարում են 18 ըմբիշ։ Վահե Թամրազյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսրայելը ներկայացող Դավիդ Վալենտին Ռադչենկո Միխայելչենկոն։

Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երեևանի ժամանակով 12։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում