Պայքարի մեջ են մտնում Ֆրանգուլյանն ու Գրիգորյանը

2015 թվականի Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը և 2014 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը այսօր սերբական Նովի Սադ քաղաքում կփորձեն պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։

Մինչ այս նրանց 4 թիմակիցները՝ Գարիկ Բարսեղյանը, Նարեկ Սիրունյանը, Վահե Թամրազյանը և Գերգի Կետոևը, չեն հաղթահարել անգամ քառորդ եզրափակչի արգելքը։
61 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Վալոդյա Ֆրանգուլյանը, ով մարտին Ստամբուլում կայացած Յաշար Դոգուի հուշամրցաշարում գրավել էր 3-րդ հորիզոնականը։ Այս քաշային կարգում հայտավորված է 17 ըմբիշ։ Ֆրանգուլյանը վիճակահանության արդյունքում հայտնվել է մրցաշարային ցանցի վերին հատվածում և պայքարը կսկսի ⅛ եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը սլովակ Միկոլա Բոլոտնյուկն է։

Սա նրանց առաջին մրցավեճը չէ, Բոլոտնյուկն ու Ֆրանգուլյանը հանդիպել են 2015 թվականին Ալեքսանդր Մեդվեդի մրցաշարում, որտեղ լարված պայքարում առավելության է հասել հայ ըմբիշը (Վալոդյան դարձել է մրցաշարի հաղթող)։ Եթե Ֆրանգուլյանը հաղթահարի սլովակ ըմբիշի արգելքը, այնուհետև կարողանա հաղթանակ տանել ¼ եզրափակչում, ամենյան հավանականությամբ, կիսաեզրափակչում կգոտեմարտի 2016 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաևի հետ, ում պարտվել էր 2016 թվականի Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում։

Այս քաշային կարգում է հանդես գալիս նաև 57 կգ քաշային կարգում Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն և Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլին, սակայն նրան Վալոդյան կարող է հանդիպել միայն եզրափակչում։

74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի որկավորման փուլից՝ գոտեմարտելով Ավստրիայի ներկայացուցիչ Ամիրխան Վիսալիմովի հետ։ Եթե Գրիգորյանը հաղթահարի նրա արգելքը, այնուհետև ⅛ եզրափակչի ու քառորդ եզրափակիչ փուլերը, ապա, հնարավոր է, կիսաեզրափակչում հանդիպի Ռիոյի-2016-ի բրոնզե մեդալակիր, այս քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Սոներ Դեմիրթաշի հետ։

Հիշեցնենք, որ նախնական գոտեմարտերը սկսվում են Երևանի ժամանակով 12։00-ին, իսկ եզրափակիչները 21։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում