Միայնակ ընդդեմ բոլորի․ Ջոկովիչը դադարեցրել է մարզիչների հետ համագործակցությունը

Մեկ տարի առաջ թենիսի աշխարհը բաժանված էր երկու մասի՝ Նովակ Ջոկովիչ և մյուսներ։ Մեկ տարի առաջ Նովակ Ջոկովիչը նվաճեց այդքան սպասված «Ռոլան Գարրոսի» չեմպիոնական տիտղոսը։ Թվում էր՝ ոչ ոք չի կարող կանգնեցնել սերբ թենիսիստին, բայց․․․ Անցել է մեկ տարի, հիմա կրկին թենիսի աշխարհը բաժանված է երկու մասի՝ արդեն միայնակ Ջոկովիչն առանց մարզիչների պայքարելու է մյուսների դեմ։

Ֆրանսիայի Բաց առաջնության բաղձալի չեմպիոնությունից հետո սկսվեց Նովակ Ջոկովիչի սև շրջանը։ Ուիմբլդոնում Ջոկովիչն անակնկալ պարտություն կրեց Սեմ Կուերիից, բայց դա դեռ առիթ չտվեց անկման մասին խոսելու համար։ Հետո Նովակը ֆավորիտի կարգավիճակով ուղևորվեց Ռիո՝ նվաճելու օլիմպիական ոսկին, սակայն հենց առաջին շրջանում ականատես եղանք սերբ թենիսիստի արցունքներին․ Ջոկովիչը պարտվեց Խուան-Մարտին դել Պոտրոյին։ Այս պարտությունից հետո ևս շատերը զգուշանում էին խոսել անկման մասին, սակայն տարվա վերջին ամեն ինչ հստակեցվեց՝ Նովակը ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զիջեց Էնդի Մարեյին։ Այսքանով Ջոկովիչի անակնկալները չավարտվեցին՝ թենիսիստը որոշեց դադարեցնել համագործակցությունը մարզիչ Բորիս Բեկերի հետ։

Թվում էր՝ փոփոխությունների շարքը կնպաստի նախկին մարզավիճակին վերադառնալուն, սակայն Ավստրալիայի Բաց առաջնությունում, որտեղ Ջոկովիչը ավանդաբար հիանալի է հանդես եկել, Նովակը պարտվեց ուզբեկ Դենիս Իստոմինին։ «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարին հաջորդած ամիսներին ևս Ջոկովիչն աչքի ընկավ միայն անկայուն խաղով, իսկ այսօր որոշեց հերթական անակնկալը մատուցել։

Նովակ Ջոկովիչը հայտարարել է մարզիչ Մարիան Վայդայի, ֆիթնես-մարզիչ Գեբհարդ Ֆիլ-Գրիտշի և ֆիզիոթերապևտ Միլյան Ամանովիչի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

«Միշտ շնորհակալ կլինեմ Մարիանին, Գեբհարդին և Միլյանին 10 տարվա ընկերության, պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության համար։ Առանց նրանց աջակցության ես նման բարձունքների չէի հասնի։ Ես գիտեմ, որ նրանք լիովին նվիրվել եմ իմ երազանքների իրականացմանը։ Նրանք միշտ առաջ մղող ուժ են եղել։ Սա հեշտ որոշում չէ, սակայն զգում եմ՝ փոփոխություններ են հարկավոր։ Շնորհակալ եմ և հպարտ մեր հարաբերությունների, հարգանքի, շփման համար։ Մենք ընտանիք ենք, և դա չի փոխվի»,- հայտարարել է Ջոկովիչը։

Մարիան Վայդան Նովակի հետ աշխատել է 2006 թվականից։ Առաջին անգամ նրանք հանդիպել են «Ռոլան Գարրոս 2016»-ում, որից հետո սկսել են համագործակցությունը։ Այս ընթացքում Ջոկովիչի թիմում եղել են Մարկ Վուդֆորդը, Բորիս Բեկերը, սակայն Վայդան չի կորցրել տեղը։ Վայդայի հետ Նովակն անցել է խոստումնալից թենիսիստից՝ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերի չեմպիոն ճանապարհը, իսկ հիմա պետք է հարմարվել նրա բացակայությանը։

Ամանովիչը Ջոկովիչի հետ աշխատանքը սկսել է 2007 թվականից։ Մինչ այդ նա աշխատում էր «Ցրվենա Զվեզդայի» բասկետբոլային թիմում։ Ֆիլ-Գրիտշը Ջոկովիչի թիմին ավելի ուշ էր միացել՝ 2009 թվականի ապրիլին։ Իր կարիերայի հաջողությունները Ջոկովիչը գրանցել է Բեկերի և այս մարզիչների հետ աշխատելու շրջանում, բայց այժմ թենիսիստը նոր և անկանխատեսելի փուլ է սկսում։

«Հիմա ցանկանում եմ աշխատել իմ խաղի և դիմացկունության կատարելագործման ուղղությամբ։ Զգում եմ՝ ինչ-որ նոր բան է սկսվում, և դա նման է մարտահրավերի։ Ես որսորդ եմ, իսկ հիմա փորձելու եմ կայծ գտնել կորտում։ Ինձ ժամանակ է հարկավոր նոր մասնագետի գտնելու համար։ Բավականին երկար ժամանակ եմ թենիսում և հիմա կարող եմ ինքնուրույն գլուխ հանել, դրա համար չեմ ցանկանում շտապել նոր մարզչի ընտրության հարցում։ Որոշ ժամանակ միայնակ կաշխատեմ, իսկ ինձ կօգնի ընտանիքս։ Շնորհակալ եմ ըմբռնման և աջակցության համար»,- երկրպագուներին ուղղված հաղորդագրությունում գրել է Ջոկովիչը։

Մայիսի 22-ին Նովակ Ջոկովիչը կդառնա 30 տարեկան։ Վարկանիշային աղյուսակի թոփ-թենիսիստների շարքում Ջոկովիչը երիտասարդ է: Եթե հաշվի առնենք, որ օրինակ Ռոջեր Ֆեդերերը 36 տարեկանում՝ անկումային շրջաններից և վնասվածքներից հետո կարողանում է բարձրակարգ թենիս ցուցադրել, ապա կարելի է վստահ ասել՝ Ջոկովիչը նախկին մարզավիճակը վերականգնելու համար բավականին ժամանակ ունի։ Այլ հարց է՝ նպատակին հասնելու համար ճի՞շտ ճանապարհ է ընտրված․․․

Շուտով հնարավոր կլինի խոսել նաև այդ մասին․ հաջորդ շաբաթ մեկնարկելու է Մադրիդի մրցաշարը, որտեղ Ջոկովիչը հանդես կգա միայնակ՝ առանց որևէ մարզչական օգնության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում