Հունահռոմեական ոճի ըմբիշները դուրս չեկան եզրափակիչ

Սերբական Նովի Սադ քաղաքում Եվրոպայի առաջնության շրջանակներում պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր գորգ դուրս եկան 59 կգ, 66 կգ, 98 կգ և 130 կգ քաշային ըմբիշները:

59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Գևորգ Ղարիբյանը, ով պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը ադրբեջանցի Տալեհ Մամեդովն էր: Գոտեմարտը լարված ընթացք ունեցավ ու կասկածելի մրցավարության արդյունքում ադրբեջանցի մարզիկը առավելության հասավ 3:2 հաշվով:

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում գոտեմարտեց թուրք Աթական Յուկսելի հետ և զիջեց 1:3 հաշվով:

98 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 4:0 հաշվով հաղթեց լիտվացի Վիլիուս Լաուրինայտիսին: 1/8 եզրափակչում «սպիտակ արջը» 5:1 հաշվով առավելության հասավ սերբ Միխայիլ Կաջայայի նկատմամբ:

1/4 եզրափակչում Արթուրի մրցակիցը նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆն էր, գոտեմարտը ավարտվեց 2:2 հաշվով, բայց քանի որ նորվեգացի ըմբիշի կատարած հնարքը ավելի բարձակարգ էր, հաղթանակը շնորհվեց վերջինիս:

130 կգ քաշային կարգում Վաչիկ Եղիազարյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 10:2 հաշվով հաղթեց հույն Նիկոլաս Լենոնին, սակայն քառորդ եզրափակչում 0:4 հաշվով զիջեց հունգար Բալինտ Լամին:

Եթե հայ ըմբիշների մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա նրանք հնարավորություն կստանան պայքարելու բրոնզե մեդալների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում