ԵԱ. Հայ ըմբիշները վերջին օրը մեդալ չնվաճեցին

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը գորգ դուրս եկան 71 կգ, 75 կգ , 80 կգ և 85 կգ քաշային կարգի ըմբիշները:

71 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Ռաֆայել Ալեքսանյանը, ով պայքարը սկսեց որակավորման փուլում և 1:6 հաշվով պարտվեց Մուրադ Դաղին (Թուրքիա):

75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը որակավորման փուլում 6:2 հաշվով հաղթեց սերբ Վիկտոր Նեմեսին: 1/8 եզրափակչում հայ մարզիկը 2:1 հաշվով առավելության հասավ թուրք Էմրե Քուշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Կարապետը 0:4 հաշվով զիջեց Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հունգարացի Թամաշ Լորինցին:

80 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը 1/8 եզրափակչում 1:2 հաշվով զիջեց ուկրաինացի Դմիտրի Պիշկովին:

85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որում 2:1 հաշվով հաղթեց վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիին: 1/8 եզրափակչում նա 2:0 հաշվով պարտության մատնեց սերբ Դեյան Ֆրանկովիչին, սակայն քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով զիջեց Գերմանիան ներկայացնող Ռամսի Ազիզսիրին:

Հայ ըմբիշների մրցակիցները չհասան մինչև եզրափակիչ, և նրանք զրկվեցին բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորությունից:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճեցին 4 բրոնզե մեդալ, որոնցից երեքն ազատոճայիններ Վալոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորյանը և Լևան Բերիանիձեն, իսկ մեկը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում