Արամ Ոսկանյան. Զարմանալիորեն չենք հասկանում որտեղ կհայտնվի 70 մետրից փոխանցումը

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի առաջնության 26-րդ տուրի «Արարատի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: 41-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում «Բանանցի» պաշտոնական կայքը:

– Շնորհավորում եմ «Արարատին»: Երկուստեք բարդ հանդիպում էր և ավելի շատ պայքար էր դաշտում: Գնդակը դաշտի կենտրոնում գրեթե չէր մնում, և թիմերը փորձում էին երկար փոխանցումներով խաղալ: «Արարատի» մոտ երկրորդ գնդակ հավաքելն ավելի լավ էր ստացվում: Ինչ-որ առումով նաև դաշտը թույլ չէր տալիս: Վերջնամասում կարողացանք ճնշում գործադրել, բայց չկարողացանք դա վերածել գոլի: Հասարակ դիրքերում շատ ենք սխալվում, նվեր ենք տալիս և բնական է, որ մրցակիցն օգտվում է:

Գոլի դրվագում էլ հասարակ դիրքում կորցրեցինք գնդակը, հետևեց երկար փոխանցում և զարմանալի է, թե ինչպես չենք կարողանում հասկանալ, թե որտեղ է իջնելու գնդակը, երբ հետևում է 70 մետրից փոխանցում: Հարձակման գծից դժգոհ եմ, քանի որ գոլեր չենք խփում: Բայց գոլեր ուղղակի կամ պատահական չեն խփվում: Պետք է կարողանանք կառուցել գոլը: Եթե չկա վերջին փոխանցում, հասարակ կասեցումներ չեն լինում, փոխանցումները ճշգրիտ չեն, գոլ խփելը շատ բարդ է: Ունեցանք բազմաթիվ ստանդարտ իրավիճակներ, որոնք պետք է կարողանայինք օգտագործել, բայց փոխանցում չկա:

– Այսօր խաղում էիք երկու ընդգծված հարձակվողով: Այդ տարբերակը շարունակակա՞ն է լինելու, թե՞ պարզապես փորձարկում էր:

– Ե՛վ փորձարկում էր, և՛ նախորդ խաղում Նենադը վատառողջ էր և այսօր էլ դա զգացնել տվեց և նա չկարողացավ խաղալ երկրորդ կեսում: Երկու հարձակվող է, բայց երկուսն էլ կարող են նաև կառուցել՝ նրանցից մեկը միշտ առաջ էր լինում, մյուսը՝ միշտ հեշտ: Շեշտը դրել էինք նաև եզրային փոխանցումների վրա, հասկանում էինք, որ «Արարատը» բարձրահասակ ֆուտբոլիստներ ունի, բայց մեր երկու հարձակվողներն էլ բարձրահասակ են ու գլխով լավ են խաղում: Բայց եզրից փոխանցումների հարցում կաղում էինք:

– «Բանանցը» նախորդ երկու խաղում կարծես կայունացրել էր խաղը պաշտպանությունում և գոլեր բաց չէր թողնում: Ինչո՞վ կպայմանավորեք այսօր բաց թողած գնդակը:

– Այո, խնդիրը թիմային պաշտպանությունը կարգավորելն էր: Ինչպես և նախորդ խաղում, երեք ձախլիկ պաշտպան էին խաղում, ինչը շատ դժվար է: Հետո տարբեր պատճառներով միևնույն ֆուտբոլիստները միասին հանդես չեն գալիս պաշտպանությունում: Պաշտպանությունը պետք է կայուն լինի: Գևորգ Խուլոյանը խաղում էր աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, նրա գործողություններում թերություն չկար, բացի ընդունած գոլի դրվագը: Տեսագրությունը դիտելուց հետո կհասկանանք, թե ում պատճառով էր՝ աջ պաշտպանի, թե Գևորգի:

– Գրիգոր Աղեկյանին վաղուց խաղադաշտում չենք տեսել: Ե՞րբ նա կվերադառնա խաղադաշտ:

– Այսօր նախատեսել էինք, որ նա դաշտ դուրս գա, բայց հարկարդված փոփոխությունների պատճառով չկարողացանք դա անել: Երևի թե, մյուս խաղին նա կունենա իր հնարավորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում