Ալվարո Մորատա․ Կյանքդ մի ակնթարթում կարող է փոխվել` կախված գնդակի ուղղությունից

Ներկայացնում ենք «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի՝ «The Guardian»-ին տված հարցազրույցը։

***

Նա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հարազատ «Ռեալի» դեմ է խաղացել «Սանտյագո Բեռնաբեուի» 78.000 երկրպագուի առաջ։ Նա երկու անգամ անընդմեջ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Լիսաբոնում 61.000 երկրպագուի առաջ «Ատլետիկոյի» դեմ և «Բարսելոնայի» դեմ Բեռլինի 70.000 հանդիսական տեղավորող «Օլիմպիական» մարզադաշտում։ Ոչ մի հուզմունք այդ խաղերում։

Ալվարո Մորատան նշում է, որ առավել հուզված էր այն երեկո, երբ մոտ հազար մարդու առաջ կանգնած էր Մադրիդի «Կալդերոն» թատրոնում: Իսպանացի հրաշագործ Անտոնիո Դիասի շոուի ժամանակ Մորատային ընկերուհու՝ Էլիս Կամպելյոյի հետ բեմահարթակ հրավիրեցին: Դիասն Էլիսին խնդրեց պտտվել ու ասաց. «Սա երբևէ տեսածդ լավագույն հնարքն է լինելու»: Երբ Էլիսը շրջվեց, տեսավ Մորատային՝ մատանին ձեռքում:

«Այդ օրն ավելի նյարդային էի, քան երբևէ։ Ասես, քեզ դուրս են հանում դաշտից, քո տարածքից»,- պատմում է Մորատան։ 

24-ամյա ֆուտբոլիստի խոսքերում հուզիչ բան կա: Նա հաճախ է խոսում իրեն ճնշող փաստերի, իր անվստահության ու հնարավոր սխալների մասին: Մորատան ֆուտբոլի հոգեբանության մասին վստահ, հանգիստ ձայնով է խոսում, հասարակ թեմաներին անդրադառնալով՝ շեշտում է կարևոր մի բան, որ հաճախ մոռանում են. ֆուտբոլիստները ևս մարդ են: «Las Rozas» հյուրանոցի սրահում նստած Մորատան խոսում է տաղանդի հնարավորությունների, ձգտումների, հաջողությունների մասին: Խոսակցությունը ներառում է նաև կարիերայի ծանր կողմերը, հիասթափությունները: Դժվար պահեր էին, որոնք կարողացավ հաղթահարել Էլիսի հետ միասին:

Մորատան 20 տարեկանում 20 մլն եվրոյի դիմաց «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվեց: Նրան հրավիրեց Անտոնիո Կոնտեն: Իտալական թիմի հետ առաջին մրցաշրջանում Ալվարոն 2 տիտղոս նվաճեց, գոլ խփեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում և եզրափակչում, երբ «Յուվենտուսը» մեկ քայլ հեռավորության վրա էր բաղձալի տիտղոսից: Երկրորդ մրցաշրջանն այդքան էլ հաջող չէր, Ալվարոն 100 օր գոլ չխփեց:

«Մարդիկ մտածում են, թե մենք մեքենաներ ենք: Նրանք չեն հասկանում, որ վատ աշխատանքի հետևում գրեթե միշտ անձնական խնդիրներ կան թաքնված, ինչ-որ ընտանեկան խնդիր: Դու զգացմունքներ ունես, սխալներ ես գործում, դու մարդ ես։

Մի փոքր շփոթված էի ու խնդիրը միայն գոլերի մեջ չէր: Ես վիճում էի ինձ համար կարևոր մարդկանց հետ, չէի նկատում իրական խնդիրները, որոնք իսկապես ուշադրությանս կարիքն ունեին: Տանից պատանի եմ դուրս եկել, պայքարել «Յուվենտուսի» հետ, կախված եմ եղել «Ռեալից», որն ինձ հետ գնելու հնարավորություն ուներ, ինչն ինձանից կախված չէր, իսկ ես վստահ չէի ուժերիս: Այդ ամենն ինձ վրա վատ են անդրադառնում», -ասում է Մորատան

Մորատան հուսահատ էր, նրա տրամադրությունն ազդում էր խաղի վրա, ու դա աննկատ չմնաց.

«Մի անգամ դժվարությամբ ավարտեցի մարզումը: Դա սարսափելի, սարսափելի մարզում էր։ Իմ կյանքի վատագույն մարզումներից մեկը: Չէի կարողանում նույնիսկ գնդակը վերահսկել: Ֆիզիոթերապևտը հարցրեց, թե ինչ է պատահել, ու խոստովանեցի, որ տխուր էի: Ես լաց էի լինում, կողքիս Բուֆֆոնն էր: Նա ինձ մի կողմ տարավ ու ասաց, որ եթե ցանկանում եմ լաց լինել, պետք է դա միայնակ անեմ, որ ոչ ոք թուլությունս չտեսնի: Նա ասաց, որ ինձ չարիք կամեցող մարդիկ ուրախ կլինեին տեսնել դա, իսկ բարիք կամեցող մարդիկ՝ կհուսահատվեին: Բախտս բերեց, ու այդ ժամանակ Էլիսի հետ ծանոթացա, կյանքս փոխվեց: Շուտով կամուսնանանք: Չգիտեմ, թե ինձ հետ ինչ կպատահեր, եթե նրան չհանդիպեի. Կարգի եկա, սկսեցի նորից գոլեր խփել: Հիմա պատրաստ եմ լավագույնս խաղալ: Դա ամեն օր ավելի ուժգին եմ զգում»,- պատմում է Մորատան։

Բուֆֆոնը միշտ համարել է, որ Ալվարո Մորատան ամեն ինչ ունի լավագույնների շարքում լինելու համար: Մորատան 39-ամյա դարպասապահին իր երկրորդ հայրն է համարում, երախտապարտ է նրան ու պատմում է, որ Բուֆֆոնը պաշտպանել իրեն: Ջիջին Ալվարոյին խորհուրդ է տվել չմոռանալ, որ մրցակիցը միանգամից նկատում է ձախողումները. «Նրանք կարող են տեսնել, որ թուլացել ես ու անհանգստություն կա խաղում»:

«Ավագ ընկերոջս լսելով՝ չէի կարող չհավատալ նրան, ես շատ երախտապարտ եմ…»,- ասում է Ալվարոն։ 

Բուֆֆոնը խորհուրդ է տվել զսպել զգացմունքները, թաքցնել թուլությունը: Մի՞թե Մորատան թուլացել էր: Ալվարոն խելացի ու ինքնաքննադատ մարդ է, նա մանրակրկիտ ուսումնասիրում է խաղը, պահերը, որոնք իր կարծիքով ազդել են կարիերայի վրա: Նա պատմում է, որ դաշտից դուրս կատարվելիքը կարող է անդրադառնալ խաղի որակի վրա և հակառակը: Պատմում է, որ բաց թողած հնարավորություններն ազդում են մեր ենթագիտակցության վրա ու մեր կողմից չվերահսկվող շատ փաստեր, մարդիկ, երևույթներ կարող են ազդել մեզ վրա: Նա խոստովանում է, որ ֆուտբոլն այնպիսին չէ, ինչպիսին նախկինում պատկերացնում էր, ոչ էլ կյանքն է այդպիսին:

«Խաղի ընթացքում անհավատալի շատ են լավ պահերը, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կամ պարզապես Չեմպիոնների լիգայում խփած գոլից լավ ոչինչ չի կարող լինել: Հակառակ պահերն ավելի բարդ է վերապրել»,- ընդգծում է երիտասարդ ֆուտբոլիստը։

Աշխատանք, զոհաբերություն, ռիսկ… Կարճատև կարիերան էլ իր դրական կողմերն ունի.

«34 տարվա այսպիսի կյանքից շատերը կարող էին խելագարվել․․․ Երբեմն տուն եմ վերադառնում, հիշում եմ խաղն ու ասում. «Ինչպե՞ս կարող էի ձախողել»: Դա ճնշում է քեզ այնպես, ինչպես գիտակցումն այն բանի, որ կարիերադ կախված է նաև լրագրողներից, երկրպագուների արձագանքից, տնօրեններից, բայց չէ՞ որ նրանք միշտ չէ, որ իրավասու են դատելու քո խաղը: «Խփե՞լ է: Ո՞չ:» Նրանք զարգացումը չեն գիտակցում, չեն հասկանում բոլոր արարքներդ: Կյանքդ մի ակնթարթում կարող է փոխվել՝ կախված գնդակի ուղղությունից: Մի շաբաթվա ընթացքում «Հեռացի՛ր, «Ռեալից»» ճչացող մարդկանցից մինչև «Հե՜յ, փրկիչ» մարդկանց ճանապարհ եմ անցել: Սակայն դու չես կարող մտածել, թե Աստված ես, երբ կարևոր գնդակ ես խփում կամ երբ գործերը վատ են՝ վատագույն խաղացողն ես»:

Հավասարակշռության հասնելը հեշտ չէ: Մորատան թախիծով խոսում է ֆուտբոլի մասին.

«Կան ֆուտբոլիստներ, ովքեր սեփական իրավունքները վաճառում են ներդրումային ֆոնդերին, դադարում ազդել սեփական ճակատագրի վրա, կորցնում են ձայնի իրավունքն ու կորցնում ֆուտբոլի զգայունությունը: Մարքեթինգ է, պայմանագիր… Ֆուտբոլիստներն ավելի շատ երգիչների կամ ռոք-աստղերի են նման, քան ակումբի նկատմամբ սիրով լցված մարզիկների: Նախկինում ֆուտբոլիստին գնելուց առաջ ասում էին. «Այդ տղան 20 գոլ է խփել, լավ է խաղում»: Հիմա վաճառքին են նայում: Ամեն ինչ փրկում է պահը, երբ գնդակը սկսում է գլորվել, ու դա իսկական երջանկություն է, քանի որ հակառակ դեպքում դա ավելի շատ բիզնես կլիներ, քան սպորտ»:

Մորատայի կյանքը փոխվել է. Էլիսն է հայտնվել, գոլեր են գրանցվում, մտքեր են ծնվել, սակայն անորոշությունը մնացել է, հնարավորությունները՝ պակասել, պայմանագրերը՝ խառնվել: Նա գնաց «Յուվենտուս», բայց «կապված» մնաց «Ռեալին»:

««Յուվենտուսում» իմ առաջին մրցաշրջանից առաջ «Ռեալն» իտալացիներին տեղեկացրել էր, որ մտադիր չէ վաճառել ինձ: Նրանք ցանկանում էին, որ մնայի, ու ես խաղում էի գրեթե միշտ: Իսկ հետո…»

«Յուվենտուսը» տեղեկացավ, որ «Ռեալը», ամենայն հավանականությամբ, վճարելու է պայմանագրով նախատեսված հրաժարագինը, ու Մորատան սկսեց ավելի քիչ խաղալ։ Դա քայլ էր մադրիդյան թիմին ապացուցելու, թե ֆուտբոլիստն այդքան չարժեր, որ գալիք մրցաշրջանին առանց նրա պատրաստվեին: Ալվարոն դրա հետ ոչինչ անել չկարողացավ: Զարմանալի չէ, որ նա հերքում է կարծիքը, թե ֆուտբոլիստները գնում են այնտեղ, որտեղ ցանկանում են. «Այդպես չէ»: Նրա կերտած պատկերը ցույց է տալիս թուլությունը, որ նկատվում էր դաշտում: Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ նա դեռ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ էր, պարբերաբար զանգեր էին հնչում։ Ֆուտբոլիստը նշում է, որ բարդ է կենտրոնանալ ֆուտբոլի վրա, երբ անհայտ է ապագադ:

«Առաջնության առաջին խաղում շատ պահեր ունեի, բայց բաց թողեցի։ Ես չհանգստացա, քաոս էր գլխումս… Հետո ասացի. «Ինձ ոչինչ մի պատմեք, չեմ ցանկանում իմանալ»: Հենց այդ ժամանակ սկսեցի գոլեր խփել: Եթե այդքան արագ դուրս չմնայինք ու Իտալիայի հավաքականը մերը մրցակիցը չլիներ, գուցե հաղթեինք Եվրոպայի առաջնությունում, ես էլ լավագույն ռմբարկուն կլինեի»:

Զանգերից շատերն Անգլիայից էին:

«Պրեմիեր լիգայի տարբեր ակումբների մարզիչներ են ինձ հրավիրել: Ես ասել եմ. «Այո, կցանկանայի»: Եթե հեռանալու լինեի, հավանաբար, Լոնդոն կտեղափոխվեի, բայց չգիտեի՝ ինչ է անում «Ռեալը»։ Գիտեի, որ կվերադարձնեին ինձ, բայց չգիտեի՝ կպահեի՞ն, թե՞ կվաճառեին: Անմիջապես Մաուրիսիո Պոչետինոյի և Անտոնիո Կոնտեի հետ եմ խոսել, թեև ակումբները սովորաբար հորս կամ գործակալիս են զանգահարում։ «Ռեալում» ասացին, որ չեն ցանկանում ինձ վաճառել, դրա համար էլ հիմա այստեղ եմ»,- պատմում է Մորատան։

«Չելսին» 60 մլն եվրո էր առաջարկել: Հատկապես Անտոնիո Կոնտեն շատ էր ցանկանում Մորատային տեսնել «Չելսիում»։

«Հիշում եմ, թե ինչպես խոսեց հորս հետ ու ասաց. «Այս տղան կարող է հաղթել Անգլիայի առաջնությունում»։

Մորատայի հայրը պատասխանել է, որ տղան հաջողությունների կարող է հասնել նաև Մադրիդում և դեռևս չի սխալվել․ «Ռեալն» ունի Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու բոլոր հնարավորությունները։ Մորատան նշում է, որ Չեմպիոնների լիգայում կցանկանար խուսափել «Յուվենտուսի» հետ հանդիպումից․

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Նրանց դեմ շատ բարդ է խաղալ, քանի որ նրանք հիասքանչ են տակտիկական տեսանկյունից: «Յուվեն» հիանալի թիմ է։ Հիմա նրանք, ասես, թռչում են հանրության առաջ»:

Եթե ինքը՝ Մորատան չի թռչում, ապա միայն այն պատճառով, որ նրա թևերը կտրել են: Շատ հնարավոր է, որ 4 տարվա ընթացքում Մորատան երրորդ եզրափակչին մասնակցի: Սա տպավորիչ արդյունք է 24-ամյա ցանկացած ֆուտբոլիստի համար: Մորատան արդեն 10 տարբեր մեդալ ունի, որոնց թվում նաև Չեմպիիոնների լիգայի ոսկին և «Յուվենտուսի» հետ նվաճած երկու մեդալները: Անկախ դրանից, նա շարունակում է զգալ, որ կարող է ավելին անել հնարավորության դեպքում:

Բուֆֆոնը մի անգամ ասել է, որ Մորատան ավելի լավն է, քան կարծում է։ Ֆուտբոլիստն այս մասին ասում է հետևյալը․

«Այո, բայց ինձ խաղաժամանակ է պետք հենց առաջին րոպեներից, ինձ պարբերաբար խաղալ է պետք: Մեկնարկային կազմում ավելի հաճախ ընդգրկվելու ցանկություն ունեմ ու կարծում եմ, որ այդ ժամանակ կարող եմ ավելի բարձր մակարդակի հասնել: Բարդ է մեկ խաղում տասը րոպե խաղալ, քսան րոպե՝ մյուսում ու հետո երկու շաբաթ անց դաշտ դուրս գալ: Բարդ իրավիճակ է, որում պետք է ապրել, քանի դեռ չի փոխվել»:

Մորատան 24 տարեկան է, բայց խոստովանում է, որ չնայած տիտղոսներին, դեռ չի հասել իր առավելագույն սահմանին․

«Ժոզե Մոուրինյուի օրոք բավականին երիտասարդ տարիքում նորամուտս նշեցի, բայց 2 տարի սպասումներից հետո արդեն այդքան երիտասարդ չես, իսկ հիմա արդեն 7 տարի է անցել: Թռչելուս ժամանակն է: Ես պետք է ամեն կիրակի խաղամ, բայց դա միայն ինձանից չէ, որ կախված է»:

Իսկ եթե նոր հեռախոսազանգ ստանա․․․ Իսկ եթե «Չելսին» զանգահարի․․․ Իսկ եթե մրցաշրջանն առանց փոփոխությունների ավարտվի․․․ Կասի՞, որ պետք է հեռանա:

«Կարող եմ ասել դա, բայց… Ես շատ երջանիկ եմ Մադրիդում, ինձ աջակցում են, բայց եթե նոր առաջարկ լինի, ու ցանկանան վաճառել ինձ՝ չպետք է հրաժարվեմ: Ես սիրել եմ Իսպանիան, բայց եթե մի օր պետք լինի հեռանալ, վստահ եմ, որ դա Պրեմիեր լիգան կլինի»:

Խոսքը միայն առաջնության ու երկրի մասին չէ, այլ հարց կա: Անհրաժեշտ զգալու, արդարության ու անվտանգ զգալու ցանկություն կա։

«Կոնտեն այն մարզիչն է, ում ընտրությունն ինձ վրա է կանգնել: Հասկանում եմ դա։ Նա ինձ հետևում էր դեռևս «Յուվենտուսում», բայց հեռացավ նախքան իմ տեղափոխությունը: Կոնտեն ցանկանում էր ինձ «Չելսիում» տեսնել, բայց դա տեղի չունեցավ: Նա ինձ ավելի լավ գիտի, քան կարող էի պատկերացնել: Հավատում եմ դրան, դա կարևոր է ու օգնում է ջանք թափել, լավ մարզվել։ Ինձ նրա առաջ պարտավորված եմ զգում, քանի որ նա այն մարզիչն է, ով բոլորից շատ է ինձ վստահել, բոլորից շատ է ցանկացել ինձ իր թիմում տեսնել, որպեսզի կարողանամ ավելի բարձր մակարդակում ելույթ ունենալ: Նրա հետ աշխատելու հնարավորություն այդպես էլ չունեցա, բայց վստահ եմ, որ վաղ թե ուշ ժամանակը կգա։

Ապագան անհանգստացնում է ինձ՝ լինե՞մ «Ռեալում», թե՞ այլ ակումբում: Դեռ պետք է սովորեմ, կատարելագործվեմ: Շատ բան կարող եմ անել, բայց պետք է ավելի շատ խաղամ ու դա անեմ նրա համար, ով իսկապես աջակցում է ինձ: Կամ կթռչեմ ու կհայտնվեմ հարմարավետ դիրքում, կամ… Ես պատանի չեմ, 24 տարեկան եմ, ու սա կարևոր պահ է»,- խոսքը եզրափակում է Մորատան։

 

Սկզբնաղբյուր՝ Սիդ Լոու, «The Guardian»
Թարգմանությունը՝ Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում