Քառորդ եզրափակիչներում «չոր» հաղթանակ կամ հավասար հաշիվ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչում կայացել են երեք դիմակայությունների չորրորդ հանդիպումները:

Գործող չեմպիոն «Կլիվլենդը» հյուրընկալվելիս 109:102 հաշվով պարտության է մատնել «Տորոնտոյին»: «Կավսի» կազմում 35 միավոր է վաստակել բասկետբոլի «արքա» Լեբրոն Ջեյմսը:

Այսպիսով, «Կլիվլենդն» ընդհանուր 4:0 «չոր» հաշվով ջախջախեց կանադացիներին և մտավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ (ընդհանուր մրցաշարի կիսաեզրափակիչ):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գերվստահ հաղթանակին ու կիսաեզրափակչին նույնպես մոտ է «Գոլդեն Սթեյթը»:

Մյուս երկու դիմակայություններում անզիջում պայքար է ընթանում: Այսօր «Հյուսթոնն» ու «Վաշինգտոնը» հաղթել են իրենց մրցավեճերում և հավասարացրել հակամարտությունների հաշիվները (2:2):

«Ռոքեթսը» սեփական հարկի տակ 125:104 հաշվով պարտության է մատնել «Սան Անտոնիոյին»: Հյուրերը խաղի ընթացքում ոչ մի անգամ հաշվի մեջ առաջ չեն եղել: Ջեյմս Հարդենը հերթական փայլուն խաղն է անցկացրել. «Մորուքը» հավաքել է 28 միավոր ու 12 արդյունավետ փոխանցում կատարել:

«Վիզարդսը» 121:102 հաշվով առավելության է հասել «Բոսթոնի» նկատմամբ: Մայրաքաղաքային թիմի առաջատար Ջոն Ուոլը վաստակել է 27 միավոր ու 12 արդյունավետ փոխանցում կատարել: Նրա թիմակից Բրեդլի Բիլն իր հաշվին գրանցել է 29 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում