Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» տիտղոսը պաշտպանելու հնարավորություն ստացավ՝ ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչում հաղթահարելով «Ատլետիկոյի» արգելքը։ Առաջին խաղում «Ատլետիկոն» 0։3 հաշվով պարտություն էր կրել, պատասխան խաղում հաղթեց 2։1 հաշվով, ինչը բավարար չէր պայքարը շարունակելու համար։

«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպման առաջին խաղակեսը մեկնարկային րոպեներից անցավ չափազանց լարված պայքարում։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը և ստանդարտների միջոցով երկու արագ գոլ խփեցին։ 12-րդ րոպեին Կոկեի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Սաուլը։

Ընդամենը 3 րոպե անց Ռաֆայել Վարանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ֆերնանդո Տորրեսի նկատմամբ, և գլխավոր մրցավար Ջունեյթ Չակիրը նշանակեց 11-մետրանոց տուգանային։ Նշակետին մոտացավ Անտուան Գրիզմանը և երկրորդ գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը։

Երկրորդ գոլից հետո Զինեդին Զիդանի սաներին աստիճանաբար հաջողվեց վերահսկել խաղի ընթացքը, և նախքան ընդմիջում «սերուցքայինները» կրճատեցին հաշվի տարբերությունը։ 42-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն եզրից գնդակը հասցեագրեց Կարիմ Բենզեմային, ով շրջանցեց մրցակցի 3 պաշտպանի և փոխանցում կատարեց Թոնի Կրոսին․ գերմանացուն չհաջողվեց գրավել Յան Օբլակի դարպասը, սակայն Իսկոն, ճիշտ արձագանքելով հետ եկած գնդակին, իր թիմի համար շատ կարևոր գոլ խփեց։

Երկրորդ կեսն անցավ առավել հանգիստ պայքարում, և հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

Այսպիսով, հունիսի 3-ին, Քարդիֆում Եվրոպայի լավագույն ակումբի կոչման համար պայքարելու են «Յուվենտուսը» և «Ռեալը»։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ատլետիկո» – «Ռեալ»՝ 2:1 (ընդհանուր՝ 2։4)
Գոլերը՝ Սաուլ 12՛, Գրիզման 16 / 11-մետրանոց ՛ – Իսկո 42՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում