Մադրիդ․ Ջոկովիչը շարունակում է պայքարը, Մարեյը պարտվեց

Մադրիդ․ Ջոկովիչը շարունակում է պայքարը, Մարեյը պարտվեց

Մադրիդում ընթանում են «Մասթերս – 1000» կարգի մրցաշարի երրորդ շրջանի հանդիպումները։

Անհաջող մրցաշրջան անցկացնող Նովակ Ջոկովիչն այս փուլում երկու սեթում 6։4, 7։5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ։ 1 ժամ, 33 րոպե տևած հանդիպման ընթացքում սերբ թենիսիստի ակտիվում գրանցվել է 1 բրեյք-փոյնթ, 2 բրեյք, 1 կրկնակի սխալ։ Քառորդ եզրափակչում աշխարհի երկրորդ ռակետը մրցելու է ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ, ով պայքարից դուրս է թողել մեկ այլ իսպանացու՝ Դավիդ Ֆերրերին։ Նիսիկորին առավելության է հասել 6։4, 6։3 հաշվով։

Անակնկալ պարտություն է կրել առաջին ռակետ Էնդի Մարեյը։ Բրիտանացին 3։6, 3։6 հաշվով զիջել է խորվաթ Բորնա Չորիչին։ ATP վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը զբաղեցնող Չորիչը հանդիպման ընթացքում իրացրել է 4 բրեյք-փոյնթ՝ 8 հնարավորից, իր մատուցման ժամանակ պարտվել է միայն մեկ գեյմ։ Երկու թենիսիստների ակտիվում էլ 3 էյս է գրանցվել և մեկական կրկնակի սխալ։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Չորիչը պայքարելու է ավստրացի Դոմինիկ Տիմի հետ։ Վերջինս դրամատիկ պայքարում առավելության է հասել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ․ արձանագրվել է 4:6, 6:4, 7:6 (11:9) հաշիվը։ 23-ամյա Տիմը երրորդ սեթում զիջել է 1։4 հաշվով, իսկ թայ բրեյքում հետ է բերել 5 մաչբոլ։

Կանադացի Միլոշ Ռաոնիչը դուրս է մնացել պայքարել՝ զիջելով բելգիացի Դավիդ Գոֆենին։ 1 ժամ, 15 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 4։6, 2։6 հաշվով։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար Գոֆենը մրցելու է Նիկ Կիրյոս – Ռաֆայել Նադալ զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում