Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը» դուրս եկան եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգա․ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Այաքսը» դուրս եկան եզրափակիչ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության եզրափակչում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում։

«Մանչեսթեր Յունայթեդը» կիսաեզրափակչում հաղթահարեց «Սելտայի» արգելքը՝ առավելության հասնելով ընդհանուր 2։1 հաշվով։ Արտագնա խաղում Ժոզե Մոուրինյուի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ պատասխան խաղում արձանագրվեց 1։1 հաշիվը։ Հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ Մարկուս Ռաշֆորդի հաշվենկատ փոխանցումից հետո աչքի ընկավ Մարուան Ֆելայինին։ «Կարմիր սատանաների» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 85-րդ րոպեն, երբ հյուրերի պատասխան գոլը խփեց Ֆակունդո Ռոնկալյան։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր, սակայն 77-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Մայքլ Կերիկին։

«Լիոնն» արտագնա խաղում 1։4 հաշվով «Այաքսին» զիջելուց հետո սեփական հարկի տակ 3։1 հաշվով հաղթանակ տոնեց, ինչը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։ Հոլանդական թիմը 27-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ՝ աչքի ընկավ Կասպեր Դոլբերգը։ Խաղակեսի վերջնամասում Ալեքսանդր Լյակազետը դուբլ ձևակերպեց։ Երկրորդ կեսում «Լիոնին» հաջողվեց միայն մեկ գոլ խփել․ 81-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ռաշիդ Գեզալը։

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա»՝ 1։1
Գոլերը՝ Ֆելայինի 17՛ – Ռոնկալյա 85՛
Հեռացումներ՝ Բայի 88՛ – Ռոնկալյա 88՛

«Լիոն» – «Այաքս»՝ 3։1
Գոլերը՝ Լյակազետ 45՛ / 11-մետրանոց, 45+1՛, Գեզալ 81՛ – Դոլբերգ 27՛
Հեռացում՝ Նիկ Վիրգևեր 84՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում