Ովքե՞ր 21 տարի անց «Այաքսին» դուրս բերեցին եվրագավաթի եզրափակիչ

Ովքե՞ր 21 տարի անց «Այաքսին» դուրս բերեցին եվրագավաթի եզրափակիչ

Ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Այաքսը» կորցրեց մի քանի առանցքային ֆուտբոլիստների, դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից և որոշ ժամանակ առաջնությունում ընթանում էր 8-րդ տեղում: Ձմռանը Պետեր Բոշի թիմը կերպարանափոխվեց: Տրանսֆերային պատուհանի ժամանակ ամստերդամցիները «ազատվեցին» բարդ բնավորություն ունեցող Էլ Գազիից ու Բազուրից, որոնց փոխարինեցին ավելի հավակնոտ խաղացողներ: Այդ ամենի արդյունքում թիմն անպարտելիության երկար շարք ունեցավ և դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Հատկանշական է, որ «Այաքսում» նախկինի պես երիտասարդներ են խաղում, որոնց միջին տարիքը 22,1 է, իսկ մեկնարկային կազմում հաճախ ընդգրկվում են 17-ամյա Ջասթին Կլյուվերտն ու Մատեյս դե Լիգտը:

Ներկայացնում ենք այն առանցքային ֆուտբոլիստներին, որոնց շնորհիվ «Այաքսը» 21 տարի անց հայտնվեց եվրագավաթի եզրափակչում:

Անդրե Օնանա – 21 տարեկան



2016 թվականի ամռանն «Այաքսը» թիմի բազմամյա դարպասապահ Յասպեր Սիլեսենը տեղափոխվեց «Բարսելոնա»: Հոլանդացուն փոխարինելու եկավ կամերունցի Անդրե Օնանան, ով կարողացավ հաղթել Տիմ Կրուլի հետ մրցակցությունը և դառնալ ամստերդամցիների հիմնական դարպասապահը: Աֆրիկացին արդեն «չոր» անընդմեջ հանդիպումների ռեկորդ է սահմանել: Օնանան «Բարսելոնայի» սան է և «հրեաներին» բաժին է հասել 150 հազար եվրոյի դիմաց:

Դեյլի Սինկգրավեն – 21 տարեկան

Սինկգրավենի օրինակով կարելի է հասկանալ, թե հոլանդացիներն ինչ նկատի ունեն՝ ասելով տոտալ ֆուտբոլ: Երկու տարի առաջ Դեյլին 7 միլիոն եվրոյի դիմաց «Հերենվենից» տեղափոխվեց «Այաքս»: Հոլանդացին հարձակվողական ոճի կիսապաշտպան էր, սակայն այդ դիրքում գործերը հաջող չդասավորվեցին, և նա ժամանակի ընթացքում տեղափոխվեց պաշտպանության եզր: Արդեն այսօր նա «WhoScored»-ի վարկածով Հոլանդիայի առաջնության լավագույն ձախ պաշտպանն է: Ցավոք, Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Շալկեի» հետ առաջին խաղում (2:0) Սինկրգավենը վնասվածք ստացավ:

Մատեյս դե Լիգտ – 17 տարեկան

Մեծահասակների ֆուտբոլում անցկացրած կես տարվա ընթացքում Դե Լիգտը հասցրել է նորամուտի խաղում գոլ խփել, հիանալի հանդես գալ եվրագավաթում ու Հոլանդիայի ազգային հավաքականի հրավերին արժանանալ: Այնուամենայնիվ, Բուլղարիայի հետ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում կայացած նորամուտը աղետի վերածվեց: «Այաքսի» կազմում նա նույնպես մի քանի ցավալի սխալներ է թույլ տվել, սակայն մասնագետները շարունակում են նշել, որ 17 տարեկանի համար նա յուրահատակ ունակությունների է տիրապետում:

Դավինսոն Սանչես – 20 տարեկան

2016 թվականի ամռանը Դավինսոնն առաջարկ ուներ «Բարսելոնայից», սակայն ընտրեց «Այաքսը», որտեղ անհրաժեշտ խաղաժամանակ ստացավ և դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Աթլետիկ տվյալներ ունեցող կենտրոնական պաշտպանը հիանալի է խաղում ինչպես սեփական, այնպես էլ մրցակցի դարպասի մոտ: Կոլումբացին գոլ+փոխանցում հաշվարկում 7 միավոր է վաստակել, ինչպես նաև բարձր արդյունքներ ունի պաշտպանական գործողություններում: «Բարսելոնան» շարունակում է հետևել Սանչեսի զարգացմանը, իսկ մասնագետները մեծ նմանություն են տեսնում նրա ու Խավիեր Մասկերանոյի խաղային որակների միջև:

Նիք Վիրգևեր (25) և Յոել Վելտման (27)

«Այաքսի» պաշտպանության «վետերանները»: Ինչպես հայտնի է հոլանդական գրանդը վաղուց աշխատում է տաղանդների աճեցնելու և նրանց թանկ գնով վաճառելու ուղղությամբ, սակայն Վիրգևերի ու Վելտմանիի համար, հավանաբար, այլևս չի հաջողվի մեծ գումար ստանալ: Փոխարենը նրանք իրենց փորձով օգնում են պատանի ու երիտասարդ խաղընկերներին:

Հակիմ Զիեշ – 24 տարեկան

Ներկայիս «Այաքսի» լավագույն ֆուտբոլիստը: Մեծ մասամբ հենց մարոկացու շնորհիվ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Լիոնը» 1։4 հաշվով պարտության մատնվեց: Զիեշն այդ մրցավեճում երեք գոլային փոխանցում կատարեց: Հակիմը դեռ երկու տարի առաջ պետք է Հոլանդիայի հավաքականում Ուեսլի Սնեյդերի փոխարինողը դառնար, սակայն անհասկանալի պատճառներով Դանի Բլինդը նրան անտեսում էր: Վերջիվերջո, Զիեշը որոշեց խաղալ Մարոկոյի հավաքականում: Նախորդ տարվա օգոստոսին կիսապաշտանի համար «Այաքսը» «Տվենտեին» 11 միլիոն եվրո էր վճարել:

Ամին Յունես – 23 տարեկան

Փայլուն տեխնիկա ունեցող ձախ վինգեր, ում տրանսֆերը 2,5 միլիոն եվրոյով գնվել է Մյունխենգլադբախի «Բորուսսիայից»: «Լիոնի» հետ առաջին խաղում խփած գոլը նրա համար 7-րդն էր մրցաշրջանում: Եվս 13 անգամ նա գոլային փոխանցում է կատարել, այդ թվում՝ ֆրանսիացիների հետ պատասխան մրցավեճում: Լիբանանյան արմատներով ֆուտբոլիստը հանդես է եկել Գերմանիայի տարբեր տարիքային հավաքականներում, սակայն Յոահիմ Լյովի կողմից Բունդեսթիմին միանալու հրավերի համար հարկավոր է ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվել:

Դեյվի Կլասսեն – 24 տարեկան

«Այաքսի» ավագն ու առաջատարը: Ի տարբերություն իր գրեթե բոլոր թիմակիցների, Դեյվին իր ապագան կապում է «Այաքսի» հետ: Այն հարցին, թե արյդո՞ք չի ցանկանում գերակումբ տեղափոխվել, հոլանդացին պատասխանում է, որ արդեն այդպիսի թիմում է: Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում կենտրոնական կիսապաշտպանը 13 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել: Կլասսենը հասցրել է նաև Հոլանդիայի հավաքականի առաջատարներից մեկը դառնալ:

Լասե Շոնե – 30 տարեկան

Ամստերդամցիների իրական վետերանը, ով նախորդ մրցաշրջանում կորցրել էր հիմնական կազմի ֆուտբոլիստի կարգավիճակը, սակայն վերջին կես տարում այն կրկին վերադարձրել է: Շոնեն երկար տարիներ «Այաքսի» առաջատարներից է, ով իր թնդանոթային հեռահար հարվածներով բազմիցս փրկել է թիմին:

Կասպեր Դոլբերգ – 19 տարեկան

2016 թվականի օգոստոսին նորամուտը նշելուց հետո Դոլբերգը Պետեր Բոշի թիմի կազմում մասնակցել է 46 խաղի, որոնցում 22 գոլ է խփել ու 8 գոլային փոխանցում կատարել: Հենց դանիացու գնդակների շնորհիվ «Այաքսը» 1/8 եզրափակչում հաղթեց «Կոպենհագենին»: Կասպերը նաև Ֆրանսիայում գրավեց «Լիոնի» դարպասը և իր թիմին դուրս բերեց եզրափակիչ: Դորտմունդի «Բորուսսիան», ի դեմս 187 սմ հասակ ունեցող կենտրոնական հարձակվողի, տեսնում է Ռոբերտ Լևանդովսկու երկարամյա հետնորդին:

Բերտրան Տրաորե – 21 տարեկան

Կիսաեզրափակչի առաջին խաղում 2 գոլ խփեց «Լիոնին», իսկ պատասխան մրցավեճում կարող էր ժամկետից շուտ հանել վերջնական հաղթողի հարցը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող աջ վինգերը նախորդ ամռանը վարձակալվել է «Չելսիից», որի կազմում էր 14 տարեկանից: Տրաորեն վնասվածքի պատճառով երեք ամիս բաց թողեց, սակայն ապրիլին 3 գոլ խփեց ու մասնակցեց ԱԶ-ի ու ՆԵԿ-ի նկատմամբ ջախջախումներին և կրկին դարձավ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:

Ջասթին Կլյուվերտ – 17 տարեկան

Նա կլո՞ն է: Միգուցե «ծանոթով» թիմ գտած ֆուտբոլիստ: Ո՛չ, նա պարզապես լեգենդար ֆուտբոլիստի որդին է: Կլյուվերտ կրտսերը հիանալի է խաղում թիմային ֆուտբոլ, արտակարգ է խաբքի ժամանակ և պարտվել չգիտի: «Հրեաների» կազմում անցկացրած մեկնարկային 17 հանդիպումներում նրա թիմը 14 հաղթանակ է տոնել ու 3 ոչ-ոքի գրանցել: Երեկ նա փոխարինման մտավ խաղավարտից 9 րոպե առաջ, երբ իր թիմը 10 ֆուտբոլիստով զիջում էր 1:3 հաշվով: Թիմի թալիսմանին խաղադաշտ դուրս բերելով՝ Բոշն ապահովեց Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիրը:

Գլխավոր մարզիչ` Պետեր Բոշ – 53 տարեկան

Հոլանդիայում գերհաջողակ, սակայն վերջին երկու տարիներին չեմպիոնությունից զրկված Ֆրանկ դե Բուրին փոխարինելու կոչված Պետեր Բոշի գործերն անմիջապես լավ չգնացին: Արդեն նշել ենք, որ նրա թիմը չլուծեց գլխավոր խնդիրներից մեկը՝ դուրս չեկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ` զիջելով «Ռոստովին»: Սակայն մեկ տարում «Վիտեսից» ու «Մաքքաբիից» (Թել Ավիվ) հեռացած հոլանդացուն հրավիրել էին ոչ միայն արդյունքների, այլև Դե Բուրի ներարկած պրագմատիկ ֆուտբոլը փոխելու համար: Ընդամեմը կես տարի անց Յոհան Կրուիֆի ֆուտբոլաին փիլիսոփայության կողմնակիցը կերպարանափոխեց թիմի խաղը, «Այաքսին» 21 տարի անց դուրս բերեց եվրագավաթի եզրափակիչ, իսկ Էրեդիվիզայի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոնության հույսեր է պահպանում:

Աղբյուրը` Sports.ru
Լրացումները` Sport.Times.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում