Գոլային հեղեղ «Ալաշկերտ»–«Փյունիկ» խաղում. «Գանձասարը» մոտեցավ առաջատարին (տեսագրություն)

Գոլային հեղեղ «Ալաշկերտ»–«Փյունիկ» խաղում. «Գանձասարը» մոտեցավ առաջատարին (տեսագրություն)

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում միաժամանակ երկու հանդիպում տեղի ունեցավ:

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Փյունիկին» և թրիլերային սցենարով անցած խաղում կարողացել է խուսափել պարտությունից․ գրանցվել է 3:3 հաշիվը: Առաջինն աչքի են ընկել Աբրահամ Խաշմանյանի սաները (13-րդ րոպե): Հյուրերի սխալից հետո Միհրան Մանասյանը հարվածային դիրք է դուրս եկել, սակայն փոխանցում է կատարել Զավեն Բադոյանին, ով գրավել է անպաշտպան դարպասը:

Խաղային 11 րոպեների ընթացքում «Փյունիկը» 3 գնդակով է պատասխանել: Առաջին կեսի վերջնամասում աչքի են ընկել Արթուր Քարտաշյանն (37) ու Վարդան Պողոսյանը (38), իսկ երկրորդ կեսի սկզբում Նարեկ Ասլանյանը (48):

Միայն դրանից հետո Հայաստանի չեմպիոնները սթափվել են ու փրկել հանդիպումը: Դուբլի հեղինակ է դարձել Արտակ Դաշյանը, ով նախ եզրափակել է Արթուր Եդիգարյանի փոխանցումը, իսկ քիչ անց հստակորեն իրացրել է Լեսթեր Պելտիերի վաստակած 11-մետրանոցը:

«Ալաշկերտի» սայթաքումից օգտվել է «Գանձասար-Կապանը», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության է մատնել թափ հավաքած «Արարատին»: Կապանցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Լուբամբո Մուսոնդան (16) և Կլաուդիր Մարինին: Արկադի Անդրեասյանի սաներին հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը. աչքի է ընկել Ռևիկ Եղիազարյանը (82):

Այդ երկու հանդիպումներից արդյունքում մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքը ստացավ՝ «Ալաշկերտը» 55 միավորով շարունակում է զբաղեցնել առաջին տեղը, «Գանձասարն» արդեն ունի 52 միավոր և կրկին լրջորեն հավակնում է չեմպիոնի կոչմանը: «Շիրակը», որը 46 միավորով երրորդ հորիզոնականում է, «Բանանցի» հետ հանդիպումը կանցկացնի վաղը:

Նշենք, որ «Փյունիկը» վաստակած 38 միավորով չորրորդն է, իսկ «Արարատը» 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում