«Ման․ Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» և զրկվեց քառյակում հայտնվելու հնարավորություններից (տեսանյութ)

«Ման․ Յունայթեդը» պարտվեց «Տոտենհեմին» և զրկվեց քառյակում հայտնվելու հնարավորություններից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» վերջին հանդիպումն անցկացրեց «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում․ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին» և առավելության հասավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Վիկտոր Վանյաման։ Խաղակեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ, սակայն մինչև ընդմիջում նոր գոլեր չարձանագրվեցին։ Երկրորդ կեսում ևս «Տոտենհեմն» արագ գոլ խփեց․ 48-րդ րոպեին Դավիդ դե Խեայի դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Հարի Քեյնը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «կամիր սատանաներին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ խաղի վերջնական հաշիվը 71-րդ րոպեին ձևակերպեց Ուեյն Ռունին։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում էր և միայն 61-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով Ջեսի Լինգարդին։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 80 միավոր և ապահովել է Անգլիայի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնի կոչումը (չեմպիոնական կոչումը նվաճել է «Չելսին»)։ «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց 65 միավորով 6-րդ տեղում և հիմա լավագույն քառյակում հայտնվելու որևէ հնարավորություն չունի․ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելու համար Ժոզե Մոուրինյուի թիմը պետք է Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում հաղթի «Այաքսին»։

Հավելենք, որ հաջորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» տնային հանդիպումներն անցկացնելու է հռչակավոր «Ուեմբլի» մարզադաշտում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 37-րդ տուր

«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։1
Գոլերը՝ Վայնամա 6՛, Քեյն 48՛ – Ռունի 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում