«Ռեալը» հաղթեց «Սելտային» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց «Սելտային» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)

Իսպանիայի 2016-17թթ․ առաջնության ավարտից մեկ տուր առաջ Մադրիդի «Ռեալը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտում կայացավ Պրիմերայի 21-րդ տուրից հետաձգված՝ «Սելտա» – «Ռեալ» հանդիպումը։ Հյուրերը բավականին արագ առաջ անցան հաշվի մեջ․ 10-րդ րոպեին Իսկոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Դաշտի տերերը նախքան ընդմիջում և երկրորդ խաղակեսի մեկնարկում հաշվի հավասարությունը վերականգնելու լավ հնարավորություններ ունեին, սակայն չօգտագործեցին իրենց պահերը, իսկ մադրիդցիները երկրորդ կեսում ևս արագ գոլ խփեցին․ 48-րդ րոպեին կրկին Իսկոյի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց Ռոնալդուն։

62-րդ րոպեին «Սելտան» մնաց 10 հոգով․ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Յագո Ասպասը։ Առաջին կեսում Ասպասը դեղին քարտ էր ստացել վիճաբանության համար, իսկ երկրորդում՝ գլխավոր մրցավար Խուան Մունուերան որոշեց, որ Ասպասը մրցակցի տուգանային հրապարակում Սերխիո Ռամոսի հետ պայքարում սիմուլյացիայի է դիմել։ Ասպասի հեռացումից 7 րոպե անց Յոն Գվիդետին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն դաշտի տերերի ուրախությունը երկար չտևեց․ ընդամենը 1 րոպե անց Մարսելոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ Խաղի վերջնական հաշիվն էլ 88-րդ րոպեին ձևակերպեց Թոնի Կրոսը։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 90 միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» գերազանցում է 3 միավորով։ Չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար Զինեդին Զիդանի թիմին հարկավոր է «Մալագայի» հետ խաղում 1 միավոր վաստակել (անկախ նրանից, թե «Բարսելոնան» ինչպես կխաղա «Էյբարի» հետ)։ Հավասար միավորների դեպքում չեմպիոն կդառնա «Բարսելոնան», քանի որ Իսպանիայում հաշվի են առնում միմյանց միջև անցկացրած խաղերը․ կատալոնական թիմն այս պարագայում ունի առավելություն (առաջին շրջանի խաղում արձանագրվել է ոչ-ոքի, երկրորդ շրջանում հաղթել է «Բարսելոնան»)։ «Սելտան» մնաց 44 միավորով 13-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Սելտա» – «Ռեալ»՝ 1։4
Գոլերը՝ Գվիդետի 69՛ – Ռոնալդու 10՛, 48՛, Բենզեմա 70՛, Կրոս 88՛
Հեռացում՝ Ասպաս 62՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում