Հռոմ. Տիմը վերջ դրեց Նադալի հաղթարշավին, Ջոկովիչի հանդիպումն ընդհատվել է (տեսանյութ)

Հռոմում ընթացող «Մասթերս-1000» կարգի մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի հանդիպումները:

Ռաֆայել Նադալը, ով 17 անընդմեջ հաղթանակ էր տոնել և այդ ընթացքում 3 մրցաշարի չեմպիոն դարձել, պարտվել է Դոմինիկ Տիմին: Ավստրիացին երկու սեթում էլ առավելություն է ունեցել ու 6:4, 6:3 հաշվով պարտության մատնել իսպանացուն:

Կիսաեզրափակչում աշխարհի 7-րդ թենիսիստը մրցելու է Նովակ Ջոկովիչ – Խուան Մարտին դել Պոտրո զույգի հաղթողի հետ: Սերբի ու արգենտինացու մրցավեճի առաջին սեթում Նոլեն 6:1 հաշվով ջախջախել է մրցակցին: Երկրորդ խաղափուլի մեկնարկում (1:2 հաշվի ժամանակ) ուժեղ անձրև է սկսվել, և մրցաշարի կազմակերպիչները որոշել են հետաձգել հանդիպումը: Այն կշարունակվի այսօր:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Ալեքսանդր Զվերևն ու Ջոն Իզները: Գերմանիան ներկայացնող թենիսիստը 7:6 (4), 6:1 հաշվով առավելության է հասել Միլոշ Ռաոնիչի նկատմամբ, իսկ ամերիկացին համառ պայքարում հաղթել է Մարին Չիլիչին (7:6, 2:6, 7:6):

Հետևեք մեզ նաև Telegram-ում